«Մեզ մոտ սպասվում են ամենաակուռատնի ընտրությունները». Առաքել Մովսիսյանի խոսքով՝ իր ու ժողովրդի միջև փոխադարձ մեծ հարգանք կա
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) Tert.am-ի հետ զրույցում պնդեց, որ Արմավիրում ոչ մի թեժ պայքար էլ չի սպասվում և նշեց, որ իրենց մոտ սպասվում են «ամենաակուռատնի» ընտրությունները: Ըստ նրա, իր և ժողովրդի միջև փոխադարձ մեծ հարգանք կա, և ընտրության է գնում պարզ երեսով. «Ես իմ ժողովրդի ցավը տանեմ, ես իրանց կողքին եմ եղել, ընդմիշտ լինելու եմ»:
-Պարո՛ն Մովսիսյան, Դուք ընդգրկվել եք Հայաստանի Հանրապետական կուսակցության Արմավիր մարզի ռեյտինգային ցուցակում, որտեղ, ինչպես երևում է, հենց Ձեր թիմի ներսում թեժ պայքար է սպասվում՝ Նահապետ Գևորգյան (Նովո), Սեյրան Սարոյան, Հրանտ Գրիգորյան...
-Դու չգիտե՞ս, որ ես չեմ սիրում մեծ-մեծ խոսալ։ Իհարկե առաջադրվում եմ, իհարկե գիտեի, բայց ժամանակը չէր առաջ ընկել, թերթերից լսելն ավելի ճիշտ է: Ոչ մի թեժ պայքար էլ չկա, արդար ընտրություն է լինելու, ով ինչ ցանել է, էն էլ կհնձի: Ես իմ ժողովրդի հետ բաց եմ աշխատել, նորից շարունակելու եմ նույն կարգավիճակով աշխատել, ես մեծ հարգանք եմ վայելում մեր ժողովրդի կողմից, ես իրենց կողմից, իրենք էլ իմ կողմից:
-Ինչպե՞ս եք ժողովրդին համոզելու, որ հենց Ձեզ ընտրեն։
-Դուք հեռախոսով ընդամենը խոսում եք, կարող եք գալ, ման գալ տարածքներում, մի հատ մտնեք իմ ապրելատեղերը ու հարցնեք՝ ինչ եմ արել ժողովրդի համար և ինչ եմ անում: Ես երբևիցե չեմ դադարել այդ գործողություններն ընդմիշտ: Ես ինձ չեմ հարգի, եթե իմ ժողովրդի մեջ եմ ապրում ու իրենց համար ամեն օր հասանելի չլինեմ, ինձ չեմ հարգի երբևիցե, որ ես տենց ընտրությունների գնամ: Նենց որ պարզ երեսով, ես իմ ժողովրդի ցավը տանեմ, ես իրանց կողքին եմ եղել, ընդմիշտ լինելու եմ:
-Իսկ ժողովրդին կողքին լինելու համար պարտադի՞ր է պատգամավոր լինել, հատկապես, որ ըստ մոնիթորինգի՝ Դուք «լուռ» պատգամավորների թվին եք դասվում՝ 0 հարց, 0 ելույթ, և ԱԺ-ում Ձեր հիմնական աշխատանքը «կողմ» քվեարկություն է:
- Ես ասեցի, լավ է քիչ խոսալ, բայց գործ անել, եղա՞վ, պարտադիր չի ելույթ ունենալ: Ելույթ ունենայի, որ ասեի՝ նամակով կդիմե՞ս։ Էդ նամակները ես ստանում եմ ու լիքը գործեր եմ արել պետական կառավարման համակարգի օգնությամբ: Так что, իմ ոչ մի նամակներն անպատասխան չեն մնացել. ամբիոնից խոսեմ, ասեմ՝ նամակով կդիմե՞ք, էնա ես նամակով միանգամից եմ լուծում: Հետո ես ուժային հանձնաժողովում լիքը հարցերի եմ անդրադարձել և նորմալ ամեն ինչ հունով գնացել է։ Իմ հարցերը և՛ քննարկվել են, և՛ ուժի մեջ են մտել, օբշի գործա եղել:
- Իսկ նոր ընտրակարգը Ձեզ համար մտահոգիչ չէ՞, որովհետև ստացվում է, որ մրցակից են նաև Ձեր թիմակիցները:
- Մենք ՀՀԿ-ական թեկնածուներով նաև ընկերներ ենք, Սարոյան եղբայրներ չենք դառնա երբեք։ Ու կտեսնեք՝ ամենաակուռատնի ընտրությունները կլինեն մեր մոտ: Մենք բոլորս էլ թողել ենք ժողովրդի հայեցողության վրա, ով ում ինչքան ձայն կտա՝ կտա:
-Այսինքն՝ ոչ մի «ճնշումներ», «լավություններ» չե՞ն լինելու:
-Ոչ մի թեկնածու էդքան չկա, որ իրար վրա ճնշում գործադրի, որևէ մեկն էլ ի վիճակի չէ իմ վրա ճնշում գործադրի, կամ մեր որևէ մեկի վրա, էլա՞վ։ Տենց մարդ չի ծնվել հլա… Ասում եմ՝ մաքուր, արդար ընտրության ենք գնում, ժողովուրդն է որոշողը՝ ում ա ձայն տալու, ոնց ա ձայն տալու, ես վստահ եմ, որ ամենակարևորը՝ ազնիվ ընտրություն է գնալու:










