Պայմանավորվածությունը խախտել է «Համախմբումը», Սեյրան Օհանյանը՝ ևս. Վիկտոր Դալլաքյան (տեսանյութ)
«Երրորդ հանրապետություն» կուսակցությունը որոշում է կայացրել դադարեցնել իր մասնակցությունը 2017 թվականի հունվարի 17-ին «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» և Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունների կողմից ստեղծված համագործակցության համաձայնագրին, ոչ թե դաշինքին, դաշինք չի եղել: Այս մասին լրագրողների հետ զրուցում ասաց «Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը:
« Ընդամենը երեք կուսակցություններ հունվարի 17-ին հանդես էին եկել համապատասխան հայտարարությամբ, որտեղ ամրագրված էին որոշակի նպատակներ։ Դա ոչ թե դաշինք էր, այլ ընդամենը համաձայնագիր, որտեղ ընդգրկված էին երեք հիմնադիր կողմեր՝ «Համախմբումը», «Երրորդ հանրապետությունը» և ՀԴԿ-ն։ Այսինքն, խոսել որևէ դաշինքի մասին և՛ իրավական, և՛ քաղաքական առումով, կլիներ սխալ», - հայտարարեց նա։
Վիկտոր Դալլաքյանը ընդգծեց, որ որոշակի առաջարկություններ է ներկայացրել աշխատակարգերի վերաբերյալ, բայց, քանի որ իր ներկայացրած առաջարկությունների վերաբերյալ աշխատանքը իրականացնել չի հաջողվել, որոշել է հեռանալ։
«Այսինքն, եղել են որոշակի ստվերային և կուլուարային գործընթացներ, իսկ մենք հրապարակային գործունեության կողմնակից ենք», -ասաց նա:
Վիկտոր Դալլաքյանն ասաց, որ «Համախմբումն» է խախտել պայմանավորվածությունը, Սեյրան Օհանյանը՝ ևս:
Նա նաև հայտարարեց, որ Սամվել Բաբայանը համախմբում կուսակցության լոբբինգն է իրականացնում: Նա Փետրվարի 6-ին այցելել է իրենց կուսակցության գրասենյակ ներկայացրել ցուցակ, որտեղ աջին տասնյակից 7-ը «Համախմբման» ներկայացուցիչ են՝ Սեյրան Օհանյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Վարդան Օսկանյան, Էլինար Վարդանյան, Անդրանիկ Թևանյան, Արմեն Մարտիրոսյան, Երվանդ Բոզոյան, Ստեփան Մարգարյան և այլք:










