Քաղաքական հանձնառությունը պետք է ուղեկցվի շոշափելի արդյունքներով. Միրզոյան

18:44 • 01.11.26

Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը։ Այս մասին «Մանամայի երկխոսություն» ֆորումի եզրափակիչ պանելային քննարկմանը, որը կրում էր «Գլոբալ անվտանգության կառավարում. ներառականություն և դերակատարություն» խորագիրը, իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։ 

ԱԳՄԱ նախարարի խոսքով` հենց այս մոտեցումն է ընկած Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության հիմքում։ 

«Սակայն քաղաքական հանձնառությունը պետք է ուղեկցվի կոնկրետ գործողություններով և շոշափելի արդյունքներով։ Համագործակցության սկզբունքները երկարատև անվտանգության և կայունության վերածելու համար մենք պետք է ապահովենք, որ մեր նախաձեռնությունները փոխադարձ օգուտներ բերեն ոչ միայն մեր անմիջական տարածաշրջանի երկրներին, այլև դրա սահմաններից դուրս գտնվող գործընկերներին»,– հայտարարել է նախարարը։ 

Ըստ նրա` փոխկապակցվածությունը, որը հնարավորություններ և համատեղ օգուտներ է ստեղծում բոլոր իսկապես շահագրգիռ կողմերի համար, ձևավորում է ընդհանուր շահեր և ամրապնդում խաղաղության ու կայունության պահպանման հավաքական հանձնառությունը։

Միրզոյանի խոսքով` հենց այս մոտեցումն է ընկած Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության հիմքում։ 

«Սա ներառական տեսլական է, որը հատկապես արդիական է այն ժամանակ, երբ աշխարհի տարբեր երկրներ ձգտում են դիվերսիֆիկացնել տրանսպորտային ուղիները, ամրապնդել փոխկապակցվածությունը և բացահայտել լոգիստիկ նոր հնարավորություններ»,– նշել է ԱԳՄԱ նախարարը։ 

Այս համատեքստում, ըստ նրա, Հայաստանի տարածքում իրականացվելիք «ԹՐԻՓՓ» նախագիծը՝ իր երկաթուղային, էլեկտրաէներգետիկ, օպտիկամանրաթելային, նավթային և գազային ենթակառուցվածքներով, նշանակալի դեր կունենա փոխկապակցվածության ամրապնդման գործում ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի կամ անմիջական հարևան երկրների միջև, այլև Արևելքի և Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի միջև՝ ստեղծելով տարածաշրջանային և միջտարածաշրջանային առևտրի նոր հնարավորություններ և նպաստելով միջազգային մատակարարման շղթաների դիվերսիֆիկացմանն ու դիմակայունության բարձրացմանը։

ԱԳՄԱ նախարարությունից հայտնում են նաև, որ պանելային քննարկմանը ելույթներով հանդես են եկել նաև Բահրեյնի Թագավորության արտաքին գործերի նախարար Աբդուլլաթիֆ բին Ռաշիդ Ալ Զայանին, Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Անվար Գարգաշը։ 

Նշենք, որ «Մանամայի երկխոսությունը» (Manama Dialogue) Մերձավոր Արևելքի անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերին նվիրված ամենահեղինակավոր միջազգային համաժողովներից (գագաթնաժողովներից) է։ Նպատակն է` քննարկել Մերձավոր Արևելքի և հարակից տարածաշրջանների ամենահրատապ մարտահրավերները (տարածաշրջանային հակամարտություններ, ծովային անվտանգություն, էներգետիկ կայունություն, դիվանագիտություն)։

Արարատ Միրզոյանը 22-րդ «Մանամայի երկխոսությանը» մասնակցում է հոկտեմբերի 30–նոյեմբերի 1–ը։