«Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության արարողությունը դիտել է 26 միլիոն հեռուստադիտող
Հեղինակավոր «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության արարողությունը, որն այս տարի անցկացվել է 59-րդ անգամ, CBS հեռուստաալիքի եթերում դիտել է 26 միլիոն հեռուստադիտող:
The Hollywood Reporter-ի հաշվարկների համաձայն` սա 1 միլիոն հեռուստադիտողով ավելի է 2016 թվականի տվյալներից, երբ միջոցառումն անցկացվել էր երկուշաբթի օրն ու երբ հաղորդավարը հինգերորդ անգամ եղել էր երաժիշտ LL Cool J-ը: Այս տարի մրցանակաբաշխության արարողությունն անցկացվել է կիրակի օրը, իսկ որպես հաղորդավար է հանդես եկել շոումեն Ջեյմս Կորդենը:
Նշվում է, որ «Գրեմմիի» վարկանիշի բարձրացումը հաջորդել է «Ոսկե գլոբուս» և ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակաբաշխությունների վարկանիշերի բարձրացմանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, «Տարվա երգ» անվանակարգում մրցանակի է արժանացել բրիտանուհի Ադելի Hello սինգլը, որի հետ մեկտեղ նույն անվանակարգում էին ներկայացված «Formation» (Բեյոնսե), «Love Yourself» (Ջասթին Բիբեր), «7 Years» (Լուկաս Գրեհեմ), «I Took a A Pill in Ibiza» (Մայք Պոզներ) երգերը: «Լավագույն փոփ դուետ» անվանակարգում հաղթել են Թայլեր Ջոզեֆն ու Ջոշ Դանը՝ Stressed Out երգի շնորհիվ: Հետաքրքրական է, որ երգիչները մրցանակը ստանալիս բեմ են դուրս եկել գրեթե առանց տաբատների՝ նշելով, որ միշտ էլ երազել են «Գրեմմի» ստանալ նման տեսքով:










