Անքնությունից տառապող ամերիկացին պատկերել է իր մղձավանջները (լուսանկարներ)
Նյու Յորքում բնակվող լուսանկարիչ Նիկոլաս Բրունոն արդեն 7 տարի տառապում է քնի կաթվածից` վիճակից, որը նրա գիշերները լցնում է մղձավանջներով: Քնի կաթվածը վիճակ է, որում մարդիկ հայտնվում են արագ քնի փուլի ժամանակ. մարմինը մտնում է քնի մեջ, սակայն միտքն արթուն է մնում:
Այս վիճակի պատճառով Բրունոն ահարկու պատրանքներ է ունենում, ինչը հանգեցնում է անքնության և ընկճախտի:
«Թվում էր` չար ոգիներ էին մտնում մեջս», - պատմել է 22-ամյա երիտասարդը Boredpanda-ին:
Նշվում է, որ ամեն ինչ փոխվել է, երբ ավագ դպրոցի ուսուցիչներից մեկը Բրունոյին խորհուրդ է տվել փաստագրել իր մղձավանջները: Այդ պահից ի վեր երիտասարդը լուսանկարչության միջոցով պայքարում է իր սարսափների դեմ:
«Այս նախագիծը պարգևել է ինձ իմ ինքնության զգացողությունը: Այն ինձ ուժ է տվել հասնել իմ ուզածին այս կյանքում, արվեստ ստեղծել և խոսել մարդկանց հետ: Այն արվեստ է նվիրել ինձ, և չգիտեմ` որտեղ կլինեի առանց դրա», - իր զգացողություններով կիսվել է երիտասարդը:




















