Արգելված լուսանկարներ. Հյուսիսային Կորեան` թաքնված տեսախցիկով (ֆոտոշարք)

12:46 • 20.02.17

Այս նկարներն արվել են լուսանկարիչ Էրիկ Լաֆորգի կողմից` Հյուսիսային Կորեա իր վերջին այցելության ժամանակ: Բանն այն է, որ դրանից հետո նրա մուտքն այս փակ երկիր ընդմիշտ արգելվել է, հայտնում է Bigpicture-ը:


Նա արել է այս նկարները պետության կողմից նշանակված էքսկուրսավարների հետ, որոնք պահանջել են ջնջել բոլոր «ավելորդ» նկարները: Բայց Լաֆորգը հաջողացրել է պահպանել դրանք և հետո հրապարակել:


Լուսանկարիչն իր աշխատանքներով փորձել է ցույց տալ, որ Հյուսիսային Կորեայում իրականում խեղճ ու դժբախտ մարդիկ են ապրում, և ոչ թե այն անսիրտ ռոբոտները, ում ցույց են տալիս տարբեր շքերթների ժամանակ:


«Իշխանությունները տանել չեն կարողանում, երբ նմանատիպ լուսանկարներ են տեսնում: Անգամ երբ ես բացատրեցի նրանց, որ աղքատություն բոլոր երկրներում էլ կա, միևնույն է՝ նրանք պահանջեցին ջնջել այս կադրերը», - բացատրել է լուսանկարիչը:


Լաֆորգի խոսքով` մայրաքաղաք Փհենյանից և մյուս խոշոր քաղաքներից դուրս մարդիկ ծայրահեղ վատ են ապրում, անգամ սննդի փող չունեն, երեխաներն էլ հաճախ ստիպված են ծանր գործեր կատարել:


Անգամ զինվորները, որոնք ծառայում են աշխարհում ամենահզորներից համարվող հյուսիսկորեական բանակում, ստիպված են ազատ ժամանակ սև գործ կատարել ընտանիքը պահելու համար:


Ի դեպ, զինվորներին բացարձակ չի թույլատրվում նկարել` դա էլ արդեն անվտանգության նկատառումներով։ Զինվորներին անգամ չի կարելի լուսանկարել իրենց հանգստի պահին` հակառակ դեպքում մարդիկ կմտածեն, թե նրանք այդքան էլ լավ չեն ծառայում, ինչպես ամբողջ աշխարհում են կարծում:


«Հերթ կանգնելն այստեղ ազգային սպորտաձև է», - պատմել է Լաֆորգը։ «Նկարներից մեկում մարդիկ հսկայական հերթ են կանգնել մի խղճուկ ավտոբուս նստելու համար»,- հավելել է նա:


Ուշագրավ է նաև այն, որ, լուսանկարչի խոսքով, չի կարելի նկարել նաև հոգնած, անառողջ կամ վատ հագնված մարդկանց: Էքսկուրսավարներն անգամ այդ դեպքում էին նկատողություն անում Էրիկ Լաֆորգին, երբ նա կադրում որևէ «ոչ իդեալական» կերպար էր վերցնում:


Արգելված լուսանկարներ. Հյուսիսային Կորեան` թաքնված տեսախցիկով (ֆոտոշարք)