Ֆրանսիայում «Սպայդերմենը» դատապարտվել է ազատազրկման՝ Պիկասոյի և Մատիսի կտավները գողանալու համար

17:40 • 21.02.17

Գող Վյերան Տոմիչը, որն առավել հայտնի է «Սպայդերմեն» մականունով, դատապարտվել է 8 տարի ժամկետով ազատազրկման` Փարիզում մի շարք արվեստի գործեր գողանալու համար:

Artnet պորտալի հաղորդմամբ` Տոմիչն ու նրա երկու հանցակիցները` Ժան Միշել Կորվեզն ու Յոնատան Բիրնը, պետք է քաղաքին վճարեն գողացված կտավների արժեքը` 110 միլիոն դոլար:

Աղբյուրը մանրամասնում է, որ 2010 թվականին «Սպայդերմենն» իր մեղսակիցների հետ թալանել է Փարիզի Ժամանակակից արվեստի թանգարանը: Գողացված կտավների շարքում են եղել նկարիչներ Անրի Մատիսի, Պաբլո Պիկասոյի, Ամադեո Մոդիլիանիի, Ժորժ Բրակի և Ֆերնան Լեժեի աշխատանքները:

Նշվում է, որ կտավների գտնվելու վայրը դեռևս չի պարզվել:

Նախկինում արտ-դիլեր և Տոմիչի հանցակից Յոնատան Բիրնը պնդում է, որ ինքը ոչնչացրել է արվեստի գործերը: Նա դատապարտվել է 6 տարի ժամկետով ազատազրկման:

Հայտնի է, որ ավելի վաղ Տոմիչը 14 անգամ մեղադրվել է արվեստի գործեր գողանալու համար: «Սպայդերմեն» մականունը նա ստացել է այն բանից հետո, երբ բռնվել է կողոպուտից հետո շինության պատով մագլցելու ժամանակ:

Ֆրանսիայում «Սպայդերմենը» դատապարտվել է ազատազրկման՝ Պիկասոյի և Մատիսի կտավները գողանալու համար