Ջորջ Քլունին կրկին քննադատել է Դոնալդ Թրամփին
Ամերիկացի դերասան և ռեժիսոր Ջորջ Քլունին կրկին քննադատության է ենթարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և նրա խորհրդական Սթիվ Բենոնին: Այս մասին հայտնում է Fox News-ը:
Քլունիի խոսքով` Թրամփն ու Բենոնը պատկանում են հոլիվուդյան էլիտային, որին չեն ընդունում նրանց կողմնակիցները: Այս հայտարարությունը Քլունին արել է` մեկնաբանելով իր գործընկեր Մերիլ Սթրիփի ճառը «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության արարողության ժամանակ:
Քլունիի խոսքով` պահպանողականները սխալ են անում, երբ լուրջ չեն ընդունում Սթրիփի ելույթը միայն այն բանի համար, որ նա ապահովված դերասանուհի է:
«Այս մասը մի քիչ խենթացնում է ինձ: Երբ Մերիլը ելույթ ունեցավ, մյուս կողմում բոլորն ասացին, թե նա հոլիվուդյան էլիտայի ներկայացուցիչ է և որ Հոլիվուդն է խոսում», - ասել է Քլունին:
Դերասանը հիշեցրել է, որ Թրամփը նկարահանվել է ֆիլմերում և տարեկան 120 հազար դոլար է ստանում ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի կենսաթոշակային հիմնադրամից, ահա թե ինչու ինքն էլ է հոլիվուդյան էլիտայի ներկայացուցիչ:
Ինչ վերաբերում է Բենոնին, Քլունին նրան անվանել է «անհաջողության մատնված» սցենարիստ և ռեժիսոր:
Դերասանը նաև ասել է, որ Սթրիփն արտահայտվելու իրավունք ունի:
«Նա ԱՄՆ քաղաքացի է, և ԱՄՆ քաղաքացի է եղել հայտնիություն ձեռք բերելուց շատ ավելի վաղ», - հավելել է Քլունին:










