Սյուզան Սարանդոնը և Տիգրան Ձիթողցյանը կնկարահանվեն «Ամերիկյան հայելի» ֆիլմում
Հանրահայտ դերասանուհի Սյուզան Սարանդոնը հանդես կգա Արթուր Բոլդերի «Ամերիկյան հայելի» նոր փորձարարական վավերագրական ֆիլմում՝ Նյու Յորքում ապրող ու ստեղծագործող հայ նկարիչ Տիգրան Ձիթողցյանի հետ, գրում է asbarez.com-ը:
Նոր ֆիլմն աշխատանքային վերջնական փուլում է:
Ֆիլմի պրոդյուսերը Դևիդ Շարան է: Աուդիովիզուալ աշխատանքը վավերագրականի և գեղարվեստականի սահմաններում է:
Ֆիլմում հանդես են գալիս նաև դերասաններ Էշլի Հինշոուն և Ֆլորենս Ֆևրը, թոփմոդել Հիլարի Ռոդան, թանկարժեք իրերի դիզայներ Մորգան Շարան:
Նշենք, որ Տիգրան Ձիթողցյանը ծնվել է Երևանում։ Նկարել սկսել է 5 տարեկան հասակից։ Առաջին անհատական ցուցահանդեսն ունեցել է 10 տարեկանում, որտեղ ներկայացրել է շուրջ 102 յուղաներկ նկարներ, որոնք ցուցադրվել են նաև Իսպանիայում, Ռուսաստանում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում։
1993-1999 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, այնուհետև կրթությունը շարունակել է Շվեյցարիայի École Cantonale d'Art du Valais-ում, 2002 թվականին ստացել է բակալավրի աստիճան, 2005 թվականին՝ Հանրային բնագավառի արվեստի մագիստրոսի աստիճան (MAPS)։ 2009 թվականից հաստատվել է Նյու Յորքում:










