Կազմվել է Համո Սահյանի բանաստեղծությունների ընտրանին, ժողովածուում ներառված են անտիպ գործեր. Նաիրի Սահյանը՝ գրքի առաջիկա շնորհանդեսի մասին

17:46 • 24.02.17

Մոտ օրերս լույս կտեսնի գրող Համո Սահյանի բանաստեղծությունների ընտրանին: Tert.am-ին այս մասին հայտնեց Համո Սահյանի որդին՝ Նաիրի Սահյանը:

Վերջինս նշեց, որ ապրիլին լրանում է Համո Սահյանի 103-ամյակը, և այս առիթով ինքը որոշել է հոր աշխատանքները զետեղել մեկ գրքում: Ընտրանին, Նաիրի Սահյանի խոսքով, կազմվել է իր` Համո Սահյանի ամենասիրելի բանաստեղծություններից:

«Չեմ ուզում գովալ, անհամեստություն կլինի, բայց հրաշալի գրքույկ է ստացվել: Հավաքել եմ տարբեր տարիների գրածները մեկ գրքում, այն բանաստեղծություններն են, որոնք ինքը շատ էր սիրում, բոլորն են սիրում, ես եմ սիրում: Կան նաև անտիպ բանաստեղծություններ, այնպիսիք, որոնք հայտնի չեն, բայց արժանի են հայտնի դառնալուն»,- նշեց Նաիրի Սահյանը:

Ժողովածուում ներառված է նաև մեկ բանաստեղծություն իր մոր կողմից՝ Համո Սահյանի կնոջ, որը նվիրվել է ամուսնուն և մեկ բանաստեղծություն իր կողմից՝ նվիրված ծնողներին:

Նաիրի Սահյանը խոստովանեց, որ ապրիլին Հայաստանը խառը կլինի ներքաղաքական զարգացումներով, սպասվով իրադարձություններով, ուստի որոշվել է հիշատակի օրվան նվիրված ընտրանու շնորհանդեսը անցկացնել մարտին:

Ի դեպ, գիրքը գրախանութներում չի վաճառվելու: Այն կարելի է ձեռք բերել միայն շնորհանդեսին՝ մարտի 4-ին, ժամը 14:00-ին Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի անվան տուն թանգարանում:

Կազմվել է Համո Սահյանի բանաստեղծությունների ընտրանին, ժողովածուում ներառված են անտիպ գործեր. Նաիրի Սահյանը՝ գրքի առաջիկա շնորհանդեսի մասին