10 ուշագրավ փաստ «Օսկար» մրցանակի մասին

14:34 • 25.02.17

Կինոաշխարհի թերևս ամենահեղինակավոր մրցանակաբաշխության` հանրահայտ «Օսկար»-ի մեկնարկին մնացել են հաշված ժամեր: Եվ մինչ կինոսերների մեծ մասը փորձում է գուշակել, թե այս տարի որ դերասաններն ու ֆիլմերը կարժանանան գլխավոր մրցանակի, Tatler ամսագիրն առաջարկում է ծանոթանալ «Օսկարի» մասին մի քանի ուշագրավ փաստի։ 


1. «Օսկարի» առաջին մրցանակաբաշխությունը կայացել է 1929թ.` Hollywood Roosevelt հյուրանոցում: Այն ժամանակ միջոցառման տոմսն արժեր ընդամենը 5 դոլար, մինչդեռ այսօր տոմսի գինը 85.000 դոլար է:


2. Ամենակարճ շնորհակալական ելույթներն ունեցել են Ալբերտ Հիչքոքն ու Ուիլյամ Հոլդենը: Նրանք սահմանափակվել են միայն «շնորհակալություն» ասելով: Մինչդեռ Հոլի Բերին ու Գվինեթ Փելթրոուն «աղիողորմ» արտասվել են:


3. Օսկարյան ամենամեծ «անհաջողակը» Փիթեր Օ'Տուլն է, որն առաջադրվել է 8 անգամ, սակայն երբեք բաղձալի արձանիկը չի ստացել:


4. Ամենաշատ «Օսկար» ստացած դերասանը Դենիել Դեյ Լյուիսն է (3 արձանիկ), իսկ դերասանուհիների շրջանում ռեկորդակիրը Մերիլ Սթրիփն է: Նա 20 անգամ ներկայացվել է ու 3 անգամ մրցանակի արժանացել:


5. «Օսկարի» պատմության մեջ 2 անգամ արձանիկը շնորհվել է հետմահու: Առաջին անգամ դա տեղի է  ունեցել 1976թ.: Այն ժամանակ մրցանակը շնորհվել է ավստրալացի Փիթեր Ֆինչին, իսկ 2009թ.` Հիթ Լեջերին:


6. «Օսկար» արձանիկները չի թույլատրվում վաճառել կողմնակի անձանց: Եթե արձանիկից ազատվելու ցանկություն է առաջանում, ապա տերն իրավասու է այն վաճառել միայն Ամերիկյան կինոակադեմիային` 1 դոլար խորհրդանշական գնով:


7.
Ըստ վիճակագրության՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթած աստղերը շուտ ամուսնալուծվում են: Ասվածի վառ օրինակներն են Ջուլիա Ռոբերտսը, Հիլարի Սնոուքը, Հոլի Բերին, Ռիզ Ուիզերսփունը, Քեյթ Ուինսլեթն ու Սանդրա Բալոքը:


8.1974թ. մրցանակաբաշխության ժամանակ բեմ է բարձրացել ամբողջովին մերկ տղամարդ, որը մատներով  խաղաղության նշանն է ցույց տվել: Այս միջադեպից հետո բեմ բարձրացող Էլիզաբեթ Թեյլորը որոշ ժամանակով կորցրել է խոսելու կարողությունը: Ավելի ուշ պարզվել է, որ մերկ տղամարդը լուսանկարիչ, նկարիչ, գեյ ակտիվիստ Ռոբերտ Օփելն է:


9. «Օսկարի» արժանացած առաջին սևամորթ դերասանուհին Հեթի ՄըքԴենիելն էր, ով «Քամուց քշվածները» ֆիլմում մարմնավորում էր Սկարլետ Օ'Հարայի ընտանիքի դայակի դերը: Դա տեղի է ունեցել 1940թ., երբ ԱՄՆ-ում դեռևս կային ռասայական խտրականություններ: Այդ պատճառով դերասանուհին նստած էր ոչ թե մյուս հյուրերի հետ, այլ` դահլիճի հատուկ առանձնացված հատվածում:


10. 1973թ. Մառլոն Բրանդոն չի ներկայացել «Օսկար» մրցանակաբաշխությանը` իր փոխարեն ուղարկելով հնդկացի Սաչին Լիթլֆիզերին: Վերջինս դերասանի անունից հայտարարել է, որ Բրանդոն չի պատրաստվում ընդունել «Լավագույն դերասան» անվանակարգում ստացած մրցանակը` այդպիսով բողոքելով հնդկացիների նկատմամբ ամերիկացի կինոգործիչների վատ վերաբերմունքի դեմ:

 

10 ուշագրավ փաստ «Օսկար» մրցանակի մասին