«Օսկարի» արժանացած իրանցի ռեժիսորը քննադատել է Թրամփի «անմարդկային» միգրացիոն արգելքը
Իրանցի հայտնի ռեժիսոր Ասղար Ֆարհադին, որի «Շրջավաճառը» ֆիլմն այս տարվա «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է «Լավագույն օտարերկրյա ֆիլմ», քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աղմկահարույց միգրացիոն հրամանագիրը՝ այն «անմարդկային» որակելով:
Ինչպես նշում է bbc.com-ը, Ֆարհադին բոյկոտել էր «Օսկար-2017»-ը և չէր մեկնել Միացյալ Նահանգներ, ինչի պատճառով կինոմրցանակաբաշխությանը նրան ներկայացրել էին ամերիկաբնակ 2 իրանցի:
«Իմ բացակայությամբ ես հարգում եմ երկրիս, ինչպես նաև մյուս 6 երկրի ժողովուրդներին, որոնց հանդեպ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերվել այդ անմարդկային օրենքով: Աշխարհը բաժանելով 2 կատեգորիայի՝ ԱՄՆ-ն և «մեր թշնամիները»՝ ստեղծվում է վախի մթնոլորտ»,-ասվում է ռեժիսորի հայտարարությունում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը ստորագրել էր միգրացիոն հրամանագիր, որն արգելում է առավելապես մահմեդական բնակչություն ունեցող 7 պետությունների՝ այդ թվում նաև Իրանի քաղաքացիներին միառժամանակ մուտք գործել Միացյալ Նահանգներ: Ավելի ուշ ԱՄՆ մի շարք դատարաններ կասեցրել են հրամանագրի իրագործումը:
Հավելենք, որ Ֆարհադիի համար սա արդեն 2-րդ «Օսկար»-ն է:










