Բիթլիս-Ֆրեզնո-Երևան եռանկյունու խենթացած հայերն ու Սարոյանը. «Ակօս»-ի անդրադարձն «Անունս Արամ է» գրքին
Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսն» անդրադարձել է ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի «Անունս Արամ է» հանրահայտ պատմվածքների ժողովածուին, որն օրերս թուրքերեն թարգմանությամբ լույս է ընծայվել նաև Թուրքիայում՝ հայկական «Արաս» հրատարակչության կողմից:
Նշենք, որ գիրքն առաջին անգամ տպագրվել է 1940թ.-ին ՝ անգլերենով։ Պատմվածքները հայ արմատներ ունեցող տղայի՝ Արամ Գարօղլանյանի և իր հարազատների մասին են, որոնք բնակվում են ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում։
Սարոյանի պատմվածքները «մարդկային հոգու բանալի» անվանելով՝ «Ակօսի» սյունակագիրներից պոլսահայ մտավորական Կարին Քարաքաշլըն այսպես է բնութագրել «Անունս Արամ է» գիրքը.
«Կարևոր չէ, թե ում կամ ինչ դեպքի մասին է պատմում Սարոյանը, նրա գրվածքներում գերակայող զգացումը հայրենիքի կարոտն է: Որպես բիթլիսցի մի ընտանիքի զավակ, որը ծնվել է Ֆրեզնոյում, ուր նրանք գաղթել էին՝ Բիթլիսն իր երազանքների կորուսյալ հայրենիքն էր: 1964թ.-ին, երբ ի վերջո պատրաստ զգաց իրեն և այցելեց Անատոլիա, նրա երազանքների հայկական գյուղն ու Բիթլիս քաղաքի այդ ժամանակվա իրականությունը խառնվեցին միմյանց: Առաջին անգամ նա տեսավ, որ իր երազանքները չեն համապատասխանում իրականությանը: Տարիներ անց իր «Բիթլիս» անունով պիեսում նա պատմեց, թե ինչու չգնեց Բիթլիսի իրենց հին տունն ու չտեղափոխվեց այնտեղ ապրելու.
«Երեսնամյա հաջողության արդյունքում բավականաչափ գումար վաստակող ամերիկահայ մի գրող գալով Բիթլիս՝ որոշում է այստեղ վերակառուցել իր ընտանիքի հին տունը: Հարուստ մի քուրդ գործարարից գնում է իր տատիկի եղբայրների տունն ու իր գրամեքենայով բնակություն հաստատում այդ տանը: Դուրս է գալիս արշավների դեպի տեղի բարձունքներ, այլևս այդտեղ է ապրում: Խենթացած մի հայ…. »:
Ի՞նչը կարող է ավելի բնական լինել, քան Սարոյանի «Անունս Արամ է» գրքում Խոսրով քեռու դիմացն անցնելով ժամերով առանց մի բառ արտասանելու նստած արաբ ներգաղթյալի ու Բիթլիս-Ֆրեզնո-Երևան եռանկյունու կենտրոնում իր պատկանելիությունը փնտրող անհայրենիք հերոսի փոխհարաբերության պատմությունը: Արամի մայրիկը շրջվում ու ասում է տղային. «Նրանք բնավ չեն բացում իրենց բերանը, սակայն անընդհատ խոսում են: Հասկանում են իրար ու դրա համար բերանի կարիք չունեն: Որովհետև իրարից թաքցնելու բան չունեն»:
Սարոյանը հրավիրում է առերեսվել պատմությանը բոլոր նրանց, ովքեր ունեն համարձակություն՝ լինելով թարգմանիչ այնպիսի երևույթների, որոնք անհնար է թաքցնել»:










