«Օսկար-2017»-ի ժամանակ զբոսաշրջիկները պատահաբար մտել են դահլիճ (լուսանկարներ, տեսանյութ)
Լոս Անջելեսում անցկացված «Օսկար-2017» մրցանակաբաշխության արարողության ժամանակ տեղի է ունեցել ուշագրավ դեպք:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Հոլիվուդի տեսարժան վայրերին ծանոթացող զբոսաշրջիկների խումբը մտել է Dolby Theatre թատրոն ու, ի զարմանս իրենց, հայտնվել հոլիվուդյան առաջնակարգ աստղերի շրջապատում:
Զբոսաշրջիկները, սելֆիի ձողերը ձեռքերում պահած, սկզբում չեն կարողացել հավատալ, որ հայտնվել են «Օսկար-2017»-ին: Դատելով լուսանկարներից՝ նրանք ուղղակի շոկի են մատնվել:
Որոշ ժամանակ անց զբոսաշրջիկները մոտեցել են առաջին շարքում նստած աստղերին՝ Նիկոլ Քիդմանին, Մերիլ Սթրիփին, Էմմա Սթոունին ու բարևել նրանց: Մինչդեռ նրանցից մեկին թույլ է տրվել ձեռքում պահել «Երկրորդ պլանի լավագույն դերասան» ճանաչված Մախերշալա Ալիի արձանիկը:
Հետագայում պարզվել է, որ միջոցառման հաղորդավար Ջիմի Քիմելը նախապես պայմանավորվել էր զբոսաշրջիկներին ուղեկցողի հետ, որպեսզի վերջինս քաղաքի՝ ոչինչ չկասկածող հյուրերին բերի նախանշված վայրը:






















