ԱՄՆ պետդեպը ջնջել է «Օսկարի» արժանացած իրանցի ռեժիսորին ուղղված շնորհավորանքը
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հեղինակավոր «Օսկար» կինոմրցանակաբաշխության ավարտից հետո Twitter-ում իրանցի հայտնի ռեժիսոր Ասղար Ֆարհադիին ուղղված շնորհավորական գրառում է արել. ռեժիսորի «Շրջավաճառ» կինոնկարը հաղթել է «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում:
Ինչպես հայտնում է Reuters-ը, որոշ ժամանակ անց Պետդեպը ջնջել է իրանցուն ուղղված գրառումը:
Հիշեցնենք, որ Ֆարհադին բոյկոտել էր այս տարվա «Օսկար»-ը՝ Թրամփի աղմկահարույց միգրացիոն հրամանագրի պատճառով՝ նշելով, որ իր քայլով հարգում է Իրանի, ինչպես նաև մյուս 6 մուսուլմանական պետությունների քաղաքացիներին, որոնց արգելվել էր միառժամանակ մուտք գործել Միացյալ Նահանգներ:
Թրամփն այդ հրամանագիրը ստորագրել էր հունվարի 27-ին, սակայն օրեր անց ԱՄՆ մի շարք դատարաններ կասեցրել են դրա իրագործումը՝ այն որակելով «հակասահմանադրական»:










