«Օսկար-2017»-ի ժամանակ տեղի ունեցած շփոթմունքի մեղավորներին թիկնապահներ են կցել
PricewaterhouseCoopers աուդիտորական ընկերությունը հայտնել է, որ «Օսկար-2017» մրցանակաբաշխության ժամանակ ծրարների հետ կապված խառնաշփոթի մեղավորներ Բրայան Կուլինանի և Մարտա Ռուիզի տների մոտ ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
TMZ.com կայքը գրում է, որ նրանք վախենում են իրենց կյանքի համար: Աշխատակիցները սկսել են սպառնալիքներ ստանալ սոցիալական ցանցերում:
Նշվում է, որ նրանց տրամադրվել է պաշտպանություն այն բանից հետո, երբ նրանց տան հասցեները և մտերիմների լուսանկարները հրապարակվել են ԶԼՄ-ներում: Մեկ օր առաջ ամերիկյան կինոակադեմիան հայտարարել է, որ այլևս չի համագործակցի Կուլինանի և Ռուիզի հետ:
Ձայների հաշվարկի և հաղթողների անուններով ծրարների պատրաստման համար պատասխանատու PricewaterhouseCoopers-ի հետ համագործակցությունը նույնպես հարցականի տակ է:
Հիշեցնենք, որ «Օսկար»-ի վերջին մրցանակաբաշխության ժամանակ տեղի է ունեցել մրցանակաբաշխության պատմության ընթացքում ամենամեծ անհարմար իրավիճակներից մեկը. «Լուսնի լույսը» ֆիլմի փոխարեն լավագույն ֆիլմ է հայտարարվել «Լա-Լա Լենդ» մյուզիքլը:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ շփոթմունքի պատճառը եղել է այն, որ հաղորդավարներին սխալ ծրար են հանձնել Կուլինանը և Ռուիզը:










