Հնդկաստանում ջերմ ընդունելության են արժանացրել հայրենիք վերադարձած «Օսկար-2017»-ի փոքրիկ «առյուծին» (լուսանկարներ)
Վերջերս Լոս Անջելեսում կայացել է կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունը՝ «Օսկար»-ը, որին հետևել են միլիոնավոր մարդիկ՝ աշխարհի տարբեր անկյուններում:
Այս տարվա «Օսկար»-ն առանձնացել է չսպասված հաղթանակներով և կինոաշխարհի նոր աստղերի հայտնությամբ, որոնց թվում հատուկ տեղ է զբաղեցրել 8-ամյա հնդիկ դերասան Սաննի Պավարը:
Հայտնի է, որ Սաննին նկարահանվել է «Օսկարի» ներկայացված ռեժիսոր Գարթ Դևիսի «Առյուծ» ֆիլմում` նախապես անցնելով քասթինգն ու ճանաչվելով լավագույնը 2 հազար թեկնածուից: Մրցանակաբաշխության արարողության ընթացքում փոքրիկ աստղը եղել է բոլորի ուշադրության կենտրոնում, և նրա հետ լուսանկարվել են մի շարք հայտնի դերասաններ:
The Daily Mail-ը գրում է, որ մրցանակաբաշխությունից հետո փոքրիկ դերասանն իր հոր հետ վերադարձել է հայրենի Հնդկաստան:
Նշվում է, որ Սաննիի հայրենի քաղաքի` Մումբայի բնակիչները նրան դիմավորել են վառ նարնջագույն ծաղիկներից պատրաստված ծաղկեպսակներով: Այժմ տղան ոչ միայն «Օսկար»-ի, այլ նաև իր հայրենիքի աստղն ու հերոսն է:
«Անհավանական է: Տուն ժամանելուն պես ինձ անընդհատ զանգում են, ոչ մի րոպե հանգիստ չեմ ունեցել: Շատ եմ ուրախանում, երբ տեսնում եմ, որ ընտանիքս վայելում է հարգանքը, որին արժանի է: Առանց իմ ընտանիքի աջակցության ոչ մի բանի չէի հասնի: Այս ճանապարհորդության ընթացքում մեզ ամեն տեղ հարգանքով են վերաբերվել ու չեն մատնանշել մեր աղքատությունը կամ այն, որ ետնախորշում ենք բնակվում: Հուսով եմ` այսպես էլ կշարունակվի», - իր տպավորություններով կիսվել է Սաննին:
























