ԿՀՎ-ն օգտագործում է հեռուստաէկրանները, սմարթֆոնները և ավտոմեքենաները՝ դրանց տերերին լրտեսելու համար. WikiLeaks

14:09 • 08.03.17

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը կարող է հեռուստաէկրանները, սմարթֆոնները, համակարգիչները և անգամ հակավիրուսային ծրագրերն օգտագործել դրանց տերերին լրտեսելու համար: Այդ մասին հաղորդվում է WikiLeaks կայքի հրապարակած փաստաթղթերում, գրում է The Washington Post-ը:


Փաստաթղթերում նշվում է, որ հետախուզական վարչությունը կարողանում է ձայնագրել ձայնը, լուսանկարներ անել և տեսնել մասնավոր հաղորդագրությունները, անգամ երբ դրանք ուղարկվում են պաշտպանված ծրագրերով:


Նշվում է, որ ԿՀՎ-ն ստեղծել է գաղտնի հաքերային ծրագիր, որն իր գործակալներին հնարավորություն է տալիս հասանելիություն ստանալ ամենօրյա սարքերի կառավարմանը:


Փաստաթղթերում նշվում է, որ «Weeping Angel» կոչվող գործիքը թույլ է տալիս Samsung SmartTV-ները միացնել հատուկ ռեժիմի, որի ընթացքում թվում է, թե հեռուստաէկրանն անջատված է, մինչդեռ այն միացված է: Այդ ռեժիմում հեռուստաէկրանը կարողանում է ձայնագրել սենյակում տեղի ունեցող զրույցները և ուղարկել դրանք համացանցով ԿՀՎ-ի սերվերներին:


Համաձայն փաստաթղթերի՝ ԿՀՎ-ն նաև ուսումնասիրել է ավտոմեքենաների համակարգերը կառավարելու հնարավորությունները, որոնք WikiLeaks-ի ենթադրությունների համաձայն՝ կարող են օգտագործվել «սպանություններ բեմադրելու» համար, որոնք սովորական ավտոպատահարներ կթվան:


Երեքշաբթի հրապարակված փաթեթը պարունակում է 8.761 փաստաթուղթ:


Փաստաթղթերում նշվում է նախ բրիտանական հետախուզական գործակալությունների անունները, որոնք նույնպես աշխատել են ԿՀՎ-ի հետ՝ կենցաղային սարքերին հասանելիություն ստանալու ձևեր գտնելու ուղղությամբ:

 

ԿՀՎ-ն օգտագործում է հեռուստաէկրանները, սմարթֆոնները և ավտոմեքենաները՝ դրանց տերերին լրտեսելու համար. WikiLeaks