Գերմանիայում «Ոսկե տեսախցիկ» մրցանակը հանձնվել է «կեղծ» Ռայան Գոսլինգին (տեսանյութ)
Մարտի 4-ին գերմանական Համբուրգ քաղաքում կայացել է «Ոսկե տեսախցիկ» մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը, որի դափնեկիր է դարձել կանադացի դերասան Ռայան Գոսլինգը՝ «Լա Լա Լենդ» ֆիլմում նկարահանվելու համար: Սակայն Գոսլինգի փոխարեն մրցանակաբաշխության ժամանակ բեմ է դուրս եկել նրա նմանակը:
People-ը գրում է, որ իսկական Գոսլինգը ներկա չի եղել արարողությանը. պարզվել է, որ «կեղծ» դերասանը Լյուդվիգ Լեներն է եղել:
Ենթադրվում է, որ խաղարկումը կազմակերպել են գերմանացի կատակերգուներ Յոկո Վինտերշայդտն ու Կլաաս Հոյֆերը, որոնք չեն ներկայացվել մրցանակի և այսկերպ որոշել են ոչ ստանդարտ կերպով ստանալ մրցանակը:
Հանդիսատեսը զարմացել է` Գոսլինգի փոխարեն բեմի վրա տեսնելով նրա նմանակին:
«Բարի երեկո: Ես Ռայան Գոսլինգն եմ: Այս մրցանակը նվիրում եմ Յոկոյին ու Կլաասին: Շատ շնորհակալ եմ: Համբուրգում ասում են` հաջող», - ասել է «կեղծ» Գոսլինգը:
Նշվում է, որ մրցանակաբաշխության արարողությանը ներկա են եղել հոլիվուդյան դերասաններ Նիկոլ Քիդմանը, Ջեյն Ֆոնդան ու Քոլին Ֆարելը:










