Ֆրանսիացի ռոքեր Ջոնի Հոլիդեյը քաղցկեղի բուժման կուրս է անցնում
Ֆրանսիական ռոքի աստղ, երգիչ Ջոնի Հոլիդեյը քաղցկեղի բուժման կուրս է անցնում: Այս մասին հայտնում է The Guardian-ը: Երգչի խոսքով` իր կյանքին ոչինչ չի սպառնում:
Հոլիդեյը որոշել է պատմել իր առողջության մասին, քանի որ լրատվամիջոցներում խոսակցություններ են տարածվել, որ նրա վիճակը մտահոգություններ է առաջացնում: Նրա խոսքով` ԶԼՄ-ների տեղեկությունները կեղծ, ցավալի և ամոթալի են:
«Հավաստիացնում եմ ձեզ, որ լավ եմ զգում ինձ ու լավ ֆիզիկական վիճակում եմ գտնվում: Մի քանի ամիս առաջ իմ օրգանիզմում քաղցկեղային բջիջներ են հայտնաբերվել, և ներկա պահին բուժում եմ ստանում: Այսօր իմ կյանքին ոչինչ չի սպառնում», - պարզաբանել է 73-ամյա երգիչը:
Հոլիդեյը Ֆրանսիայի ամենահայտնի և սիրված երաժիշտներից մեկն է. նրան հաճախ անվանում են «ֆրանսիացի Էլվիս»: Երաժիշտը վաճառել է ավելի քան 110 միլիոն ձայնագրություն և 18 պլատինե ալբոմ ունի:










