Մերի-Քեյթ Օլսենը պատմել է Նիկոլա Սարկոզիի եղբոր հետ ամուսնական կյանքի մասին (լուսանկարներ)
2015 թվականի նոյեմբերին ամերիկացի դերասանուհի Մերի-Քեյթ Օլսենն ամուսնացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի եղբոր՝ ֆրանսիացի բանկիր Օլիվիե Սարկոզիի հետ, ինչը շատ է զարմացրել նրանց շրջապատին. Սարկոզին 17 տարով մեծ է Օլսենից: Սակայն կարելի է ենթադրել, որ 30-ամյա Օլսենն իրոք երջանիկ է իր ամուսնու հետ:
Edit-ին տված հարցազրույցում Մերի-Քեյթը խոստովանել է, որ ընտանեկան կյանքը դարձել է հենց այն խաղաղ անկյունը, որի մասին շատերն են երազում:
«Ես ու քույրս` Էշլին, լարված աշխատում ենք. սա արդեն սովորություն է դարձել: Եվ սա հիանալի է. մտքերի մեջ խորանալու ժամանակ ուղղակի չկա: Սակայն պետք է մի բան, ինչը կօգնի հանգստանալ: Եթե նման բան չկա, պետք է անպայման գտնել, քանի որ այլ կերպ ներքին ռեսուրսները կսպառվեն, և մարդը կհյուծվի: Շաբաթ-կիրակի օրերին զբաղվում եմ վազքով, իսկ մյուս օրերին աշխատանքից հետո ընթրիք եմ պատրաստում ամուսնուս և նրա երեխաների համար», - պատմել է դերասանուհին:
Նշվում է, որ ամուսինների ընտանիքում երկու երեխա կա. 15-ամյա Ժուլյենն ու 13-ամյա Մարգոն: Երկուսը ծնվել են, երբ Օլիվիեն ամուսնացած է եղել ֆրանսուհի Շառլոտ Բերնարդի հետ: Երեխաները հաճախ հյուր են գալիս իրենց հորը Նյու Յորքում. նրանք շատ լավ հարաբերություններ ունեն նաև Մերի-Քեյթի հետ:














