«Հրանտ Դինք» հիմնադրամը հրապարակել է Թուրքիայի տարածքում հայկական մշակութային ժառանգության մասին նոր տվյալներ

11:25 • 11.03.17

Պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի մահից հետո նրա ընտանիքի հիմնած «Հրանտ Դինք» հիմնադրամը հրապարակել է Թուրքիայի Կայսերիի (պատմական Կեսարիա - tert.am) նահանգի Էվերեք շրջանում 19-րդ դարում գործած հայկական դպրոցների թիվն ու դրանց քարտեզները, ինչպես նաև ընդհանուր տեղեկություններ մինչ ցեղասպանությունն այդ տարածքում ուսանած հայ երեխաների մասին: Այս մասին գրում է «Ակօսը»:

Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝  Ստամբուլում գործող «Հրանտ Դինք» հիմնադրամը նախաձեռնել է «Անատոլիայի մշակութային ժառանգությունը» անվանումով հատուկ նախագիծ, որի ընթացքում հիմնադրամի աշխատակիցները բացահայտել և հաշվարկել են Թուրքիայի ամբողջ տարածքում ազգային փոքրամասնությունների թողած պատմամշակութային շինությունների քանակն ու ներկայիս վիճակը:

Ըստ հիմնադրամի ուսումնասիրության՝ Էվերեքում մինչ 1840-ական թվականները հայ ուսուցիչները դասեր էին անցկացնում փոքր դպրոցներում ու առանձին սենյակներում: 1864թ.-ին հայ համայնքն իր իսկ ուժերով հանգանակություն է հավաքում տարածքում հայկական դպրոց կառուցելու համար, ինչից հետո 1870թ.-ին Կ.Պոլսից Կեսարիա ուղարկված Վռամշապուհ վարժապետը ժամանում է այստեղ: Նրա վարժապետության տարիները շրջադարձային են լինում տեղի հայության համար:

Լուսանկարում՝ Կեսարիայի նահանգի հայկական դպրոցների ընդհանուր տեղաբաշխումն ու քանակը



1872-1873 թթ.-ին Էվերեքում գործել է աղջիկների և տղաների համար նախատեսված մեկական վարժարան, որոնց ընդհանուր բյուջեն կազմում էր ընդամենը 540 քուրուշ և ապահովվում էր տեղի հայ բարերարների կողմից: Դպրոցներն ունեին ընդհանուր 300 հայ աշակերտ: Նշվում է, որ 1875թ.-ին այստեղ դասավանդել է արմատներով էվերեքցի, Օքսֆորդի համալսարանի շրջանավարտ Բարսեղ Վարդուկյանը:

1898թ.-ին Էվերեքի դպրոցների հիմնադրամի տնօրենի պաշտոնը ստանձնում է Կարապետ վարժապետը, ում առաջարկած նոր համակարգի շնորհիվ աղքատ և մեծահարուստ ընտանիքների զավակները սկսեցին կրթություն ստանալ նույն դպրոցում ու հավասար պայմաններում:

Նշենք, որ հիմնադրամի հրապարակած ցուցակի համաձայն՝ Թուրքիայում առկա 10.000 պատմամշակութային կոթողներից 4.600-ը հայկական են, 4.100-ը՝ հունական, 650-ը՝ ասորական, 300-ը՝ հրեական:

Ըստ հետազոտության՝ ամենաշատ հայկական պատմական շինություններն առկա են Մուշում՝ 401 պատմական կառույց, Մուշին հաջորդում է Բիթլիսը՝ 325 շինությամբ, այնուհետև Խարբերդը՝ 323 հին հայկական շինություններով: Դրանց են հաջորդում Սեբաստիան, Երզնկան, Էրզրումը, Կեսարիան, Դերսիմը: Տասնյակը եզրափակում է Վանը՝ 185 կառույցով:

«Հրանտ Դինք» հիմնադրամը հրապարակել է Թուրքիայի տարածքում հայկական մշակութային ժառանգության մասին նոր տվյալներ