Փարիզի փողոցներից մեկը կանվանակոչվի պոլսահայ գրող Զաբել Եսայանի պատվին
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի փողոցներից մեկը կանվանակոչվի պոլսահայ գրող Զաբել Եսայանի պատվին, այս մասին հայտարարել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, գրում է «Ակօսը»:
Փարիզի քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ նշված է. «Որոշում է կայացվել Փարիզի փողոցներից մեկն անվանակոչել Զաբել Եսայանի պատվին: Նա հայ ժողովրդի ցավերի կիզակետում է եղել և խորհրդանշել է հենց այդ ցավը»:
Զաբել Եսայանը ծնվել է 1878 թվականին Ստամբուլում: 1892 թվականին ավարտել է Ստամբուլի Սկյութար հայաշատ թաղամասի Սուրբ Խաչ վարժարանը, այնուհետև Փարիզում մասնակցել է Սորբոնի և Քոլեջ դը Ֆրանսի գրականության ու փիլիսոփայության դասընթացներին։
Եսայանը 1908 թվականին վերադարձել է Կ.Պոլիս և Ադանայի ջարդերից հետո ստեղծված պատվիրակության կազմում 1909 թվականին մեկնել Կիլիկիա, այնուհետև՝ «Ազատամարտ» թերթում տպագրել հոդվածներ աղետի մասին։ Եսայանը Կիլիկիայի հայության այս ողբերգությունը նկարագրել է «Ավերակներու մեջ» (1911) գրքում, ինչպես նաև «Անեծքը» (1911) և «Նոր հարսը» (1911) պատմվածքներում։
1915-ին խույս տալով ձերբակալությունից՝ ապաստանել է Թիֆլիսում, ավելի ուշ՝ Եղեռնի մասին հիշողություններ է հրատարակել Բաքվի «Գործ» ամսագրում։
1918 թվականին Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում կազմակերպել է հայ տարագիրների և որբերի հավաքման ու տեղավորման գործը։ Այդ տարիներին գրել է «Վերջին բաժակը» (1916), «Հոգիս աքսորյալ» (1919) վիպակները։ 1926 թվականին այցելել է Հայաստան: 1933 թվականին հաստատվել է Խորհրդային Հայաստանում։ 1936 թվականին Գրողների միությունում իր ելույթին հաջորդում է այդ տարիներին զանգվածային դարձած չարագուշակ երևույթը՝ չսպասված ժամին դռան թակոցը, ապա և ձերբակալությունը։ Նրա կյանքի ողբերգական ավարտը՝ Բաքվի բանտում ողբերգական մահվան հանգամանքները, մինչ այժմ անհայտ են մնում։










