Ջրառատի միջադեպի գործով բերման ենթարկված ՕՐՕ դաշինքի 6 անդամներն ազատ են արձակվել. փաստաբան

11:46 • 13.03.17

Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում ՕՐՕ դաշինքի ընտրարշավին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ոստիկանություն 6 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել: Այս մասին Tert.am-ին հայտնեց նրանց շահերը ներկայացնող Կարեն Մեժլումյանը:

Նա նշեց, որ երեկ՝ գիշերվա ժամը 1-ի դրությամբ, այդ միջադեպի առնչությամբ քրեական գործ հարուցված չի եղել:

Կարեն Մեժլումյանն ընդգծեց, որ քանի որ 6 համակիրները բացատրություն չեն տվել ոստիկանությունում, հետևաբար ինքը ևս չի կարող մանրամասներ ներկայացնել, թե ինչ է տեղի ունեցել:

Հիշեցնենք, որ դաշինքի անդամ Էլինար Վարդանյանը երեկ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել էր, որ կրակոցներ են հնչել, իսկ կրակողը եղել է գյուղապետի կողմնակիցը։

Փաստաբանը հավելեց, որ բացի դաշինքի 6 անդամներից, գիշերվա ժամը մեկի դրությամբ այլ բերման ենթարկվածներ չեն եղել: