Մոսկվայում կցուցադրվեն հայկական իմպրեսիոնիզմի գլուխգործոցները
Մարտի 25-ին Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում կբացվի «Հայկական իմպրեսիոնիզմ. Մոսկվայից Փարիզ» ցուցահանդեսը, որի ժամանակ կներկայացվեն ավելի քան 20 հայ նկարիչների՝ այդ թվում Մարտիրոս Սարյանի, Եղիշե Թադևոսյանի, Սեդրակ Առաքելյանի, Կարապետ Ադամյանի և Վահրամ Գայֆեճյանի աշխատանքները: Այս մասին հայտնում է Vogue-ը:
Աղբյուրի հաղորդմամբ` կտավները կբերվեն Երևանից` Հայաստանի ազգային պատկերասրահից և Ռուսական արվեստի թանգարանից: Ցուցահանդեսի ժամանակ կներկայացվի 58 աշխատանք, որից յուրաքանչյուրը կպատմի հայրենի բնության և քաղաքների հանդեպ հայ նկարիչների սիրո մասին:
Կայքը նաև գրում է, որ հայ նկարիչներն իրենց աշխատանքների միջոցով գովերգում են մշակութային ավանդույթները, ազգային խոհանոցը, ինչպես նաև կիսվում Մոսկվայից Փարիզ կատարած ճանապարհորդությունների հետ կապված իրենց վառ տպավորություններով:
Նշվում է, որ «Հայկական իմպրեսիոնիզմ. Մոսկվայից Փարիզ» ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 4-ը:










