Սուպերմոդել Կառա Դելևինը դեռահասների խնդիրների մասին գիրք է գրել
Անգլիացի սուպերմոդել և դերասանուհի Կառա Դելևինը հայտնել է Mirror, Mirror («Հայելի, հայելի») վերնագրով վեպն ավարտին հասցնելու մասին: Հայտնի է, որ վեպը նվիրված է դեռահասների խնդիրներին:
Gazeta.ru-ի հաղորդմամբ` գրքում ներկայացվել է 16-ամյա ընկերներ Ռեդի, Լեոյի, Նաիմայի և Ռոուզի պատմությունը: Մոդելը պատմել է գլխավոր հերոսների մեծանալու, ինքնաճանաչողության, դպրոցական դժվարությունները հաղթահարելու և միմյանց միջև ծագած խնդիրները լուծելու գործընթացի մասին:
Գրքի պատրաստ լինելու մասին 24-ամյա Դելևինը հայտնել է Instagram-ի իր էջում, որն ավելի քան 38 միլիոն հետևորդ ունի: Սպասվում է, որ վեպը կթողարկվի 2017 թվականի հոկտեմբերին:
Կառան իր Instagram-ի հետևորդներին կոչ է արել միանալ դեռահասների դժվար կյանքի մասին քննարկումներին:
«Եկեք գրքի մեծ վիրտուալ ակումբ կազմակերպենք: Ուզում եմ` բոլորս խոսենք մարդու կյանքի դեռահասության շրջանի, ինքնաճանաչողության, ընկերության, ցավի և հաղթանակի պահերի մասին: Այն մասին` ինչ ասել է թինեյջեր լինել: Այն փորձերի մասին, որոնք մեզ դարձնում են այն մարդիկ, որոնք մենք կանք», - գրել է մոդելը:











