Վիպասանուհի Ջոան Ռոուլինգը հայտնել է իր նոր գրքի անվանումը
Համաշխարհային մեծ ճանաչում ունեցող վիպասանուհի Ջոան Ռոուլինգը հայտարարել է իր հերթական գրքի մասին:
Համապատասխան գրառումը Հարի Փոթերի մասին պատմությունների հեղինակը կատարել է թվիթերյան իր էջում: 51-ամյա Ռոուլինգի դետեկտիվ ժանրի նոր ստեղծագործությունը կստանա Lethal White խորագիրը, որը կարելի է թարգմանել որպես «Մահաբեր սպիտակ»:
Գիրքը պատմում է հետախույզ Կորմորան Ստրայկի մասին, որը մի շարք քրեական վեպերի գլխավոր հերոսն է, որոնցից են «Կկվի կանչը» (The Cuckoo’s Calling, 2013), «Շերամ» (The Silkworm, 2014), «Չարի ծառայությունը» (Career of Evil, 2015): Ստեղծագործությունների այս շարքը Ռոուլինգը հեղինակում է Ռոբերտ Գելբրեյթ կեղծանվան ներքո:










