Վրաստանի բնակիչներին հիշեցրել են առանց վիզա Եվրամիության երկրներ այցելելու կանոնները

16:22 • 17.03.17

Վրաստանի իշխանությունները հիշեցրել են Եվրամիության երկրներ քաղաքացիների առանց վիզա այցելության կանոնների մասին, կոչ արել բնակչությանը չխախտել այդ օրենքները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Կարճաժամկետ այցելությունների համար Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը պետք է ուժի մեջ մտնի մարտի 28-ից:


«Կարևոր է ունենալ այցի նպատակ, այցը պետք է լինի կարճաժամկետ, անհրաժեշտ է ունենալ դա հաստատող փաստաթղթեր՝ հետադարձ տոմս և ֆինանսական ապահովման մասին վկայագիր»,- լրագրողներին հայտնել է արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն:


Ջանելիձեի խոսքով՝ «երկրի մասշտաբներով սկսվում է ակտիվ տեղեկատվական արշավ, հրապարակվելու է հատուկ տեսահոլովակ, որը տեղեկացնելու է քաղաքացիներին ԵՄ երկրներ այցելության կանոնների և այն մասին, թե ինչ է նշանակում վիզային ազատականացումը»: Նախարարը նաև կոչ է արել երկրի բոլոր քաղաքացիներին չխախտել այդ օրենքները և ժամանակին վերադառնալ հայրենիք:


Առանց վիզայի ռեժիմի հետ միաժամանակ ուժի մեջ է մտնելու առանց վիզայի ռեժիմի գործողության դադարեցման մեխանիզմը: Եվրամիության մեկ կամ մի քանի անդամ պետություններում միգրացիոն ճգնաժամի դեպքում այդ մեխանիզմի գործողության վերաբերյալ պայմանավորվածությունն առաջարկել է ԵՄ խորհուրդը՝ որպես նախնական պայման Ուկրաինայի և Վրաստանի համար վիզաների վերացման համար: