Թուրքիայում լույս է տեսել «Մի հայ որբ Սև ծովի շրջանից» գիրքը (լուսանկարներ)
Թուրքիայում լույս է տեսել «Մի հայ որբ Սև ծովի շրջանից» գիրքը, որի հեղինակն է Հալիլ Էրհանը` Թուրքիայի Գիրեսուն քաղաքից:
Ծագումով հայ Էրհանը գիրքը գրել է աբդուլհամիդյան ջարդերի ժամանակ որբացած իր պապիկի մասին և ձոնել նրա հիշատակին, գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»:
Թուրքական «Իլեթիշիմ» հրատարակչության կողմից լույս ընծայված «Մի հայ որբ Սև ծովի շրջանից» գիրքը ազգային ու կրոնական ինքնության հարցերի շուրջ մտորելու առիթ է տալիս Թուրքիայի հյուսիսային, Սևծովյան շրջանների բազմահազար բնակիչներին, որոնք Թուրքիայում աչքի են ընկնում առավել ազգայնական տրամադրություններով ու վարքագծով:
Գրքի հեղինակը նշում է, որ իրենց անցյալի ու իրական ծագման պատմությունները լսող շատերն այստեղ սկսում են ավելի ակտիվ մերժել այդ անցյալը կամ փորձում են ինքնապաշտպանվել:
«Ի՞նչ կարիք կար սա վերհիշելու» ասողներ էլ կան, «Հա, հնարավոր է նման բան եղած լինի» ասողներ էլ… Համառորեն «Մինչև կյանքի վերջ թուրք ու մահմեդական եմ» բացականչողներ էլ…», - ասում է գիրեսունցի իսլամացված հայը, ում ազգականների շրջանում նույնպես ոչ բոլորն են սիրում խոսել անցյալի վերքերից, սակայն տեղյակ են իրենց հայկական ծագման մասին:
«Պապիկս միշտ պատմում էր իր գլխին եկածների մասին: Միայն այն գիտեինք, որ ոչ հայր ունի, ոչ մայր, ոչ հորեղբայր… Իր անցյալից միայն մի մուրճ ուներ, որ վերցրել էր իր հետ, երբ փախել էր զինվորական ծառայությունից», - ասում է Էրհանը՝ պատմելով, որ պապը, որբանալով դեռևս 1890-ականներին, 1915-ին մյուս հայ տղամարդկանց հետ տարվել է Օսմանյան բանակ, որտեղ նրան աշխատեցրել են ճանապարհների շինարարության մեջ:
«Ոչ ոքի երբեք չնեղացրած, շրջապատումս տեսած ամենաաշխատասեր մարդն էր պապս: Մահանալիս շատ արտասվեց, շատ-շատ էի տխրել: Այդպիսի երկրորդ մեկը լույս աշխարհ չի գա», - ասում է գրքի հեղինակը, որը նշում է, որ որբ մնացած պապիկը երբևէ հույս չի ունեցել գտնել իր հայ ազգականներին և բավարարվել է երեխաների ու թոռների ներկայությամբ ու սիրով:










