Պենելոպա Կրուսը կմարմնավորի Դոնաթելա Վերսաչեին
Իսպանացի հայտնի դերասանուհի Պենելոպա Կրուսը պայմանագիր է կնքել «Հանցագործությունների ամերիկյան պատմություն» (American Crime Story) հեռուստանախագծի 3-րդ եթերաշրջանի ստեղծողների հետ՝ համաձայնելով մարմնավորել հայտնի դիզայներ Դոնաթելա Վերսաչեին:
Ինչպես նշում է The Independent-ը, Դոնաթելայի եղբոր՝ Versace նորաձևության տան հիմնադիր Ջանի Վերսաչեի սպանության դեպքի մասին պատմող նախագծի շրջանակում Կրուսի խաղընկերներն են լինելու Էդգար Ռոդրիգեսն ու Դարեն Քրիսը:
Պարբերականը հիշեցնում է, որ ավելի վաղ այս դերը ստանալուն էր հավակնում Դոնաթելա Վերսաչեի մտերիմ ընկերուհին՝ երգչուհի Լեդի Գագան:
Նշենք, որ Լեդի Գագայի և Դոնաթելա Վերսաչեի արտաքին նմանության վերաբերյալ պնդումները միշտ էլ ակտիվորեն շրջանառվել են ԶԼՄ-ների կողմից:
Հիշեցնենք, որ Ջանի Վերսաչեն սպանվել է 1997թ.՝ Մայամիում գտնվող իր տան մոտ: Մարդասպանն Էնդրյու Կյունենենն էր, որը դրանից 8 օր անց ինքնասպան է եղել:










