Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է իրանական մշակույթին նվիրված ցուցահանդես
Մայրաքաղաքում գարնանային զբոսաշրջության խթանման՝ Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված միջոցառումների ծրագրի շրջանակում Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է «Մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը, որը նվիրված է իրանական մշակույթին:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։
Ներկայացված են ավելի քան 200 ցուցանմուշներ, այդ թվում՝ գեղանկարներ, տարազներ, գորգեր, մանրանկարներ, գրաֆիկական աշխատանքներ, կենցաղային իրեր, ծիսական առարկաներ և այլն: Ցուցանմուշները հիմնականում վերագրվում են 17-19-րդ դարերին:
Երևան քաղաքի պատմության թանգարանում «Մշակութային երկխոսություն» խորագրով պարբերաբար կազմակերպվող ցուցահանդեսների շրջանակում ներկայացվում է տարբեր երկրների մշակույթը:
Իրանական մշակույթին նվիրված ներկայիս ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 31-ը:










