Կրեմլը մեկնաբանել է Ուկրաինայի՝ «Եվրատեսիլ-2017»-ին Ռուսաստանի պատվիրակին մասնակցել թույլ չտալու որոշումը
Կրեմլը մեկնաբանել է Ուկրաինայի անվտանգության ծառայության՝ «Եվրատեսիլ-2017» համաեվրոպական երգի մրցույթում Ռուսաստանի պատվիրակ Յուլյա Սամոյլովայի մուտքն Ուկրաինա արգելելու որոշումը:
Ինչպես նշում է lenta.ru-ն, Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով միջադեպին, հույս է հայտնել, որ Կիևը կվերանայի իր անարդար որոշումը:
«Անկասկած, ուկրաինական կողմի որոշումը լրջորեն կազդի մրցույթի հեղինակության վրա: Մենք, իհարկե, ակնկալում ենք, որ մինչ մրցույթի մեկնարկը որոշումը կվերանայվի, և ռուս պատվիրակը կկարողանա մասնակցել մրցույթին», -ասել է Պեսկոսը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, «Եվրատեսիլ-2017»-ը չի հեռարձակվի Ռուսաստանի տարածքում, քանի որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը 3 տարով արգելել է Սամոյլովայի մուտքն Ուկրաինա:
Նշենք, որ Ուկրաինայի իշխանություններն իրենց որոշումը պատճառաբանել են այն հանգամանքով, որ 2015թ. Սամոյլովան առանց Կիևի թույլտվության այցելել է Ղրիմ:
Հիշեցնենք, որ մայիսի 9-ին և 11-ին կլինեն «Եվրատեսիլ-2017»-ի կիսաեզրափակիչները, իսկ մայիսի 13-ին տեղի կունենա մրցույթի եզրափակիչը:










