Շայա Լաբաֆը Թրամփի դեմ ցույցը տեղափոխել է Մեծ Բրիտանիա
Ամերիկացի դերասան Շայա Լաբաֆն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ ուղղված իր բողոքի ցույցն ԱՄՆ-ից տեղափոխել է Մեծ Բրիտանիա: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը:
Հայտնի է, որ «Նա չի բաժանի մեզ» կոչվող նախագիծը, որի համահեղինակը Լաբաֆն է, մեկնարկել է հունվարի 20-ին Նյու Յորքում` Թրամփի երդմնակալության օրը: Անցորդներին առաջարկել են կանգ առնել տեսախցիկի դիմաց և արտասանել բողոքի ակցիայի կարգախոսը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Լաբաֆը ձերբակալվել էր այդ ցույցի ժամանակ, և որոշ ժամանակ անց նա միջոցառումը Նյու Յորքից տեղափոխել էր Նյու Մեխիկո նահանգի Ալբուկերկե քաղաքում գտնվող «Էլ Ռեյ» թատրոն:
Նշվում է, որ այժմ ակցիան անցկացվում է Լիվերպուլ քաղաքում: Լաբաֆին աջակցություն է ցուցաբերել FACT արվեստի և կրեատիվ տեխնոլոգիաների հարցերով հիմնադրամը:










