Լոնդոնում ֆինանսական պատճառներով չի տեղադրվի Դևիդ Բոուիին նվիրված կայծակի տեսքով հսկայական արձանը

18:43 • 23.03.17

Կարմիր ու կապույտ կայծակի հսկայական արձանը, որը պետք է դառնար բրիտանացի երաժիշտ Դևիդ Բոուիի հուշարձանը, չի տեղադրվի Լոնդոնում: Այս մասին հայտնում է Fact-ը:

Հայտնի է, որ արձանը պետք է տեղադրվեր Լոնդոնի Բրիքսթոն թաղամասում: Նախաձեռնության հեղինակները Բոուիի երկրպագուներն են եղել:

Աղբյուրի հաղորդմամբ` հուշարձանի պատրաստման համար անհրաժեշտ է եղել հավաքել մոտ մեկ միլիոն դոլար: Կազմակերպիչները փորձել են անհրաժեշտ գումարը հավաքել քրաուդֆանդինգի միջոցով, սակայն դա չի հաջողվել նրանց:

Երաժշտի երկրպագուների խոսքով` իրենք դեռևս մտադիր են հետաքրքիր և համապատասխան հասարակական արտ-օբյեկտի միջոցով հարգել Դևիդ Բոուիի հիշատակը Բրիքստոնում:

Հայտնի է, որ կարմիր ու կապույտ կայծակը Դևիդ Բոուիի բեմական կերպարներից մեկի ատրիբուտն է:

Դևիդ Բոուին մահացել է 69 տարեկան հասակում` 18 ամիս շարունակ քաղցկեղի դեմ պայքարելուց հետո:

Լոնդոնում ֆինանսական պատճառներով չի տեղադրվի Դևիդ Բոուիին նվիրված կայծակի տեսքով հսկայական արձանը