Էրդողանը հայտարարել է, որ Բուլղարիան ճնշում է տեղի թուրքերին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Բուլղարիայի իշխանությունները ճնշում են տեղի թուրքական համայնքին, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» պարբերականը:
Էրդողանը նշել է, որ նա շատ է տխրում՝ ստեղծված իրավիճակը տեսնելով:
«Այնտեղ շատ լուրջ ճնշումների իրականացումը տեսնելն ու այդ մասին լսելը մեզ շատ է տխրեցնում: Մի կողմից խոսում եք ժողովրդավարության մասին, մյուս կողմից այնտեղի թուրքերի նկատմամբ ճնշումներ եք գործադրում, այդպես չի լինի», - ասել է Էրդողանն ու նշել, որ իրենք հույս ունեն, որ Բուլղարիայում մարտի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կանցնեն ազատ ու արդար պայմաններում:
Ավելի վաղ Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը հաստատել է իրենց երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններին Թուրքիայի միջամտության մասին լուրերը:
Հիշեցնենք, որ Անկարան Թուրքիայում բնակվող 60 հազար բուլղարացիներին կոչ էր արել քվեարկել «Դոստ» կուսակցության օգտին, ինչը պաշտոնական Սոֆիան անընդունելի է համարել՝ անվանելով դա միջամտություն Բուլղարիայի ներքին գործերին։
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը` Բուլղարիան նաև Թուրքիայից հետ էր կանչել իր դեսպանին:










