Կրուիզային նավում ելույթի ժամանակ մահացել է Boston ռոք խմբի նախկին թմբկահարը
Ամերիկյան Boston ռոք խմբի նախկին թմբկահար և բեք-վոկալիստ Սայբ Հաշիանը մահացել է բեմի վրա` համերգի ժամանակ: Այս մասին հայտնել է 67-ամյա երաժշտի որդին՝ Ադամը:
Fox News հեռուստաալիքի հաղորդմամբ` Հաշիանը ելույթ է ունեցել կրուիզային նավում Rock Legends Cruise շրջագայության շրջանակում: Անսպասելիորեն նա վատ է զգացել իրեն և ընկել: Երաժշտին փորձել են վերակենդանացնել, սակայն նրան չի հաջողվել փրկել:
Ադամի խոսքով` Հաշիանի մահվան պատճառը դեռևս անհայտ է: Նա ենթադրել է, որ պատճառ կարող է լինել սրտի կաթվածը:
Հայտնի է, որ Սայբ Հաշիանը եղել է 1976 թվականին կազմավորված Boston խմբի առաջին անդամներից մեկը: Նա մասնակցել է խմբի առաջին ալբոմի ձայնագրությանը, որի մեջ մտել է խմբի ամենահայտնի կատարումներց մեկը` More Than a Feeling երգը: Երաժիշտը նաև մասնակցել է խմբի երկրորդ` Don't Look Back ձայնասկավառակի, ինչպես նաև Long Time և Peace of Mind երգերի ստեղծմանը: Հաշիանը խումբը լքել է երկրորդ ալբոմի թողարկումից հետո:










