Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը պրեմիերային ընդառաջ ցուցադրվել է Կապիտոլիումում

01:36 • 24.03.17

Վաշինգտոնի Կապիտոլիումում կայացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ցուցադրությունը, որին ներկա են գտնվել կոնգրեսականներ, օրենսդիրներ, կոալիցիոն գործընկերներ և քաղաքականության այլ ներկայացուցիչներ:


Ինչպես հայտնում է Asbarez-ը, երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ նկարահանված ֆիլմի ցուցադրությունը տեղի է ունեցել Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի և Survival Pictures նկարահանող ընկերության ջանքերով: Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում նախատեսված է ապրիլի 21-ին:


Օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի ֆիլմում գլխավոր դերակատարմամբ հանդես են եկել Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքը, Շառլոտ Լը Բոնը` Ցեղասպանության իրադարձությունների ֆոնին ձևավորված մարմնավորելով սիրային եռանկյունու երեք կերպարը: Ֆիլմում ներկայացվող գաղափարներն են սերը, հավատարմությունը և գոյատևման պայքարը:

 

Հիշեցնենք, որ մարտին ամերիկացի երաժիշտ Քրիս Քորնելը ներկայացրել է «Խոստումը» երգը, որը հնչելու է համանուն ֆիլմում: Հայտնի է, որ ֆիլմում հնչելու է նաև աշխարհահռչակ ռոք-երաժիշտ Սերժ Թանկյանի ստեղծագործությունը:

Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը պրեմիերային ընդառաջ ցուցադրվել է Կապիտոլիումում