Լրատվամիջոցները հայտնում են ելույթի ժամանակ մահացած Boston ռոք խմբի նախկին թմբկահար Սայբ Հաշիանի հայկական արմատների մասին

19:09 • 24.03.17

Ամերիկյան Boston ռոք խմբի նախկին թմբկահար և բեք-վոկալիստ Սայբ Հաշիանը, որը մահացել է մարտի 22-ին բեմի վրա` համերգի ժամանակ, հայկական և իտալական արմատներ է ունեցել, այս մասին վկայում է «Վիքիպեդիա» առցանց հանրագիտարանի անգլալեզու էջը:

Սայբ Հաշիանը ծնվել է 1949 թվականի օգոստոսի 17-ին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում: rusarminfo.ru-ի հաղորդմամբ` նա ծնվել է հայ ներգաղթյալների ընտանիքում: Հարցազրույցներում Հաշիանը բազմիցս հիշատակել է իր հայկական արմատները. երաժշտի խոսքով` հայրական կողմի իր պապիկն ու տատիկը փրկվել են Ցեղասպանությունից:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Հաշիանը ելույթ է ունեցել կրուիզային նավում Rock Legends Cruise շրջագայության շրջանակում, երբ անսպասելիորեն վատ է զգացել իրեն և ընկել: Երաժշտին փորձել են վերակենդանացնել, սակայն նրան չի հաջողվել փրկել:

Հայտնի է, որ Սայբ Հաշիանը եղել է 1976 թվականին կազմավորված Boston խմբի առաջին անդամներից մեկը: Նա մասնակցել է խմբի առաջին ալբոմի ձայնագրությանը, որի մեջ մտել է խմբի ամենահայտնի կատարումներց մեկը` More Than a Feeling երգը: Երաժիշտը նաև մասնակցել է խմբի երկրորդ` Don't Look Back ձայնասկավառակի, ինչպես նաև Long Time և Peace of Mind երգերի ստեղծմանը: Հաշիանը խումբը լքել է երկրորդ ալբոմի թողարկումից հետո:

 

 

Լրատվամիջոցները հայտնում են ելույթի ժամանակ մահացած Boston ռոք խմբի նախկին թմբկահար Սայբ Հաշիանի հայկական արմատների մասին