Կանադական կինոփառատոնում կկայանա Ցեղասպանության մասին «Ոչնչացնելու մտադրություն» վավերագրական ֆիլմի պրեմիերան

18:25 • 24.03.17

Ապրիլի 27-ից մայիսի 7-ն կանադական Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաքը կհուրընկալի Hot Docs կանադական փաստավավերագրական ֆիլմերի ամենամյա միջազգային փառատոնը, որը խոշորագույնն է իր տեսակի մեջ ողջ Հյուսիսային Ամերիկայում:

Ինչպես ներկայացնում է Horizon Weekly-ն, 2017-ի մրցութային ծրագրերի համաձայն` ֆիլմերի 48 տոկոսը նկարահանվել է կին ռեժիսորների կողմից: Կինոփառատոնը նաև համաժողովի, քննարկումների և շուկայի հարթակ է, որը 2015-ին ռեկորդային թվով այցելություններ է գրանցել` մոտ 200 500 մարդ:

Այս տարի կինոփառատոնի շրջանակներում անցկացվելիք քննարկմանը ելույթ կունենա նաև Օսկարի առաջադրված կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը: Նրա հետ միասին ելույթ կունենա հայտնի ռեժիսոր Ջո Բերլինգերը, որը կներկայացնի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմի միջազգային պրեմիերան:

Ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը Ջո Բերլինգերն է: Խորասուզվելով Թերի Ջորջի հեղինակած «Խոստումը» ֆիլմի պատմության մեջ` մրցանակակիր ռեժիսորը անկոտրում որոշում է կայացնում կինոպատուհան բացել դեպի պատմական իրադարձությունն ու պայքարի ուղի գտնել 100-ամյա ժխտողական քաղաքականության դեմ, որը վարում է Թուրքիայի կառավարությունը:

 

 

 

Կանադական կինոփառատոնում կկայանա Ցեղասպանության մասին «Ոչնչացնելու մտադրություն» վավերագրական ֆիլմի պրեմիերան