ՌԴ Պետդումայի նախկին պատգամավորին սպանողը ռուսական հատուկ ծառայությունների գործակալ է. Ուկրաինայի ՆԳՆ

08:32 • 24.03.17

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովին սպանողն ուկրաինական ուժային կառույցներում աշխատանքի անցած ռուսական հատուկ ծառայությունների գործակալ է, հայտնում է ru.tsn.ua-ն։


«Նրան (Վորոնենկովին-Tert.am) սպանել է ռուսական հատուկ ծառայությունների գործակալը, որն աշխատանքի է անցել ուկրաինական ուժային կառույցներում ու հետո կարգադրություն է ստացել վերացնել Ռուսաստանի թշնամուն»,-հայտարարել է Գերաշչենկոն:


Պաշտոնյան մանրամասնել է, որ մարդասպանն իրոք 13 ամիս ծառայել է Ուկրաինայի Ազգային գվարդիայում, սակայն չի եղել ռազմական գործողությունների մասնակից:


Գերաշչենկոյի խոսքով՝ մարդասպանը հավաքագրվել էր ռուսական հատուկ ծառայությունների կողմից դեռևս 2014թ.: Այժմ իրավապահներն ուսումնասիրում են նրա կենսագրությունն ու հարցաքննում նախկին ծառայակիցներին:


Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Վորոնենկովին սպանել են Կիևում: Նախկին պաշտոնյան սպանության պահին եղել է թիկնապահի հետ, որը հասցրել է վիրավորել կրակողին:


Նշենք, որ Վորոնենկովը, քաղաքացիություն ստանալով, անցած տարվա վերջին կնոջ հետ մշտական բնակություն է հաստատել Ուկրաինայում: Ռուսաստանում նրա դեմ միջազգային հետախուզում է հայտարարվել: Հայտնի է, որ նախկին պատգամավորը մեղադրվում էր խոշոր ընկերության շենքի յուրացման համար: