Մոսկվայում բացվել է հայ իմպրեսիոնիստների ցուցահանդեսը (տեսանյութ)

15:56 • 27.03.17

Մոսկվայում՝ Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում, բացվել է հայ իմպրեսիոնիստների ցուցահանդեսը, որին ներկա են եղել Մոսկվայում գործող հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները, ռուս հայտնի արվեստագետներ, Հայաստանի ազգային պատկերասրահի և Ռուսական արվեստի թանգարանի տնօրեններ Արման Ծատուրյանն ու Մարինե Մկրտչյանը:


«Հայկական իմպրեսիոնիզմ. Մոսկվայից Փարիզ» խորագրով ցուցահանդեսի բացումն արել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:


Ինչպես նշում է armmuseum.ru կայքը, միջոցառման համակարգողները ցուցահանդեսի ամենաարժեքավոր նմուշ են անվանել ռուս արվեստասերներին քիչ հայտնի Վարդգես Սուրենյանցի «Մենդելսոնի դիմանկարը»:


Աղբյուրը նկատում է, որ ներկայացված բոլոր նկարիչները, Սարյանից բացի, քիչ ծանոթ են մոսկվայաբնակ արվեստասերներին:


Նշվում է նաև, որ «Հայկական իմպրեսիոնիզմ. Մոսկվայից Փարիզ» ցուցահանդեսը վերջին տարիների ընթացքում ռուսական լրատվամիջոցների կողմից ամենաշատ լուսաբանված հայկական ցուցահանդեսն է:


Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, ցուցահանդեսի շրջանակում ներկայացվել են ավելի քան 20 հայ նկարիչների՝ այդ թվում Մարտիրոս Սարյանի, Եղիշե Թադևոսյանի, Սեդրակ Առաքելյանի, Կարապետ Ադամյանի և Վահրամ Գայֆեճյանի աշխատանքները: 


Կտավները բերվել են Երևանից` Հայաստանի ազգային պատկերասրահից և Ռուսական արվեստի թանգարանից: 


«Հայկական իմպրեսիոնիզմ. Մոսկվայից Փարիզ» ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 4-ը:

 

Մոսկվայում բացվել է հայ իմպրեսիոնիստների ցուցահանդեսը (տեսանյութ)