Մարդկանց բարության շնորհիվ Ցեղասպանությունից փրկվելով` ծնողներս բարության օրինակ են եղել ինձ համար. Ազնավուր

22:25 • 28.03.17

Աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրն ապրիլի 5-ին համերգով հանդես կգա Մոսկվայում, որտեղ նրան սպասում է հավատարիմ  հանդիսատեսը: Համերգին ընդառաջ լեգենդար շանսոնյեն հարցազրույց է տվել Частный Корреспондент-ին` խոսելով ինչպես ներկայիս, այնպես էլ անցյալի դժվարությունների ու ձեռքբերումների մասին:

«Եթե կան մարդիկ, որոնց իրենց դարաշրջանի խորհրդանիշն են, մարդիկ` իրենք երկրի խորհրդանիշներ, մարդիկ` ազգի խորհրդանիշներ, ապա կան նաև մարդիկ, որոնք համամարդկային ու համաշխարհային խորհրդանիշներ են: Այդպիսին է Շառլ Ազնավուրը, ով հայտնի է նաև բարեգործական գործունեությամբ և հանդիսանում է Հայաստանի պատվավոր դեսպանը ՅՈւՆԵՍԿՕ-ում», - այսպես է ներկայացնում Ազնավուրին հոդվածագիրը:

- Ձեր հայրը հայտնի էր բարությամբ: Հայտնի է, որ Փարիզում նա ռեստորան էր բացել, որը ստիպված էր փակել, քանի որ շատ հաճախ էր մարդկանց անվճար կերակրում: Մարդկանց օգնելու ձեր ցանկությունը նրանի՞ց եք ժառանգել:

- Այո, ինձ և քրոջս` Աիդային, այդպես են դաստիարակել: Ցեղասպանությունից փախչող մեր ծնողների ճակատագիրը և նրանց վարքը օրինակ են եղել մեզ համար: Նրանք հաճախ էին հիշում իտալացի նավապետի համարձակությունն ու բարությունը, ով մահից է փրկել իրենց Կոստանդնուպոլսից փախչելու ժամանակ: Նրանց հաջողվել է փրկվել բարության շնորհիվ, այդ պատճառով էլ նրանք միշտ ձգտել են օգնել բոլորին:

- Դուք ասել եք, որ հիանում եք հանգամանքները հաղթահարող մարդկանցով: Ի՞նչ եք կարծում` որն է ամենագլխավոր հանգամանքը, որ հաղթահարել եք կյանքում:

- Հավանաբար, ողջ կյանքս հաղթանակ է ինքս իմ հանդեպ: Ես սկել եմ զրոյից, ամեն ինչ սովորել եմ ինքնուրույն` երաժշտությունը, գրականությունը, դերասանական վարպետությունը: Այն ժամանակ կրթությունը վճարովի էր, իսկ մեր ընտանիքի հնարավորությունները համեստ էին, և ես ստիպված էի շուտ հեռանալ դպրոցական նստարանից: Այդ պահից ամեն ինչի հասել եմ ինքնուրույն:

- Իսկ բեմում ելույթ ունենալն այժմ հոգեբանորեն ավելի հեշտ է, թե՞ դժվար:

- Գիտեք, երբ երիտասարդ ես և ելույթ ես ունենում նախքան հայտնի դառնալը, երբեք չգիտես, թե ինչպես կարձագանքի հանդիսատեսը: Սակայն երբ հանդիսատեսը գալիս է հատուկ քեզ համար, դա ուրիշ է: Իմ հանդիսատեսը հավատարիմ է, որի հետ հանդիպում եմ ինչպես հին ընկերոջ հետ:

 

 

Մարդկանց բարության շնորհիվ Ցեղասպանությունից փրկվելով` ծնողներս բարության օրինակ են եղել ինձ համար. Ազնավուր