Արևմուտքը նախանձում է Թուրքիային և փորձում արգելակել նրա զարգացումն ու հզորացումը. Չավուշօղլու

09:49 • 28.03.17

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ պատմության մեջ առաջին անգամ Եվրոպան կողմնակալ դիրք է գրավել Թուրքիայում սպասվող ընտրություններին ընդառաջ:

Ինչպես հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը՝ ըստ Չավուշօղլուի՝ Արևմուտքը նախանձում է Թուրքիային և փորձում արգելակել նրա զարգացումն ու հզորացումը:

«Մենք բոլորին ձեռք ենք մեկնում՝ Սիրիայից մինչև Աֆրիկա, այդ իսկ պատճառով պետք է ավելի ուժեղ լինենք, մենք պետք է ամեն տեղ լինենք: Եթե մենք չդադարեցնենք Սիրիայում թափվող արցունքը՝ ոչ ոք չի կարողանա դա անել: Բոլորն այստեղ իրենց հաշիվներն ունեն: Այդ իսկ պատճառով մենք ստիպված ենք լինել ուժեղ», - հայտարարել է Չավուշօղլուն:

Հիշեցնենք, որ հունվարի 21-ին Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Սահմանադրությունում փոփոխությունների իրականացման փաթեթին, որն առաջարկում է անցում կատարել կառավարման նախագահական համակարգին: 18 հոդվածից բաղկացած օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 339 պատգամավոր:

Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն կանցկացվի ապրիլի 16-ին։