Բոբ Դիլանը չի ստանա Նոբելյան մրցանակի դրամական մասն՝ առանց դասախոսություն անցկացնելու
Ամերիկացի երաժիշտ և հեղինակ-կատարող Բոբ Դիլանը չի ստանա 8 միլիոն շվեդական կրոնը (մոտ 870 հազար դոլար), եթե մինչև հունիսի 10-ը ելույթ չունենա նոբելյան դասախոսությամբ: Այս մասին հայտնում է The Local-ը:
Հայտնի է, որ շաբաթվա վերջին Բոբ Դիլանը համերգներ կտա Շվեդիայում, սակայն նա մինչ օրս կապ չի հաստատել Շվեդական ակադեմիայի հետ և չի տեղեկացրել` արդյոք ինքը կօգտագործի Նոբելյան մրցանակի գումարը ստանալու այդ հնարավորությունը:
Շվեդական ակադեմիայի մշտական քարտուղար Սառա Դանիուսի խոսքով` կազմակերպությունն անհամբեր սպասում է շաբաթվա վերջին: Նա ընդգծել է, որ Շվեդիայում համերգներ տալու Դիլանի պլաններն առաջացել են Նոբելյան մրցանակին արժանանալուց առաջ:
Կանոնների համաձայն` մրցանակակիրը պետք է դասախոսություն անցկացնի մրցանակաբաշխության պահից ի վեր վեց ամսվա ընթացքում: Ընդ որում՝ պարտադիր չէ դասախոսությունն անցկացնել Շվեդիայում:
Դանիուսի խոսքով` Դիլանը տեղյակ է, որ դասախոսությունը պետք է անցկացվի մինչև հունիսի 10-ը, որպեսզի մրցանակի դրամական մասը փոխանցվի:
Հիշեցնենք, որ 2016 թվականին գրականության ոլորտում նոբելյան մրցանակը շնորհվել է Բոբ Դիլանին:










