Մահացել է օպ-արտ գեղարվեստական ուղղության հիմնադիր Ջուլիան Ստանչակը
ԱՄՆ-ում մահացել է ծագումով լեհ նկարիչ, օպ-արտ գեղարվեստական ուղղության հիմնադիր Ջուլիան Ստանչակը: Այս մասին հայտնում է Artnet պորտալը:
Աղբյուրի հաղորդմամբ` Ստանչակը մահացել է 88 տարեկանում` ԱՄՆ-ի Օհայո նահանգի Սևեն Հիլս քաղաքում գտնվող իր տանը: Նրա մահվան պատճառը չի հաղորդվում:
Ստանչակը համարվում է օպ-արտ գեղարվեստական ուղղության հիմնադիրը. 1964 թվականին անցկացված հենց նրա Optical Paintings ցուցահանդեսի պատվին է տվյալ ժանրը ստացել իր անվանումը:
Նշվում է, որ նկարչի աշխատանքները կարելի է տեսնել Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում, Մետրոպոլիտեն թանգարանում և Սան Ֆրանցիսկոյի ժամանակակից արվեստի թանգարանում:
Օպ-արտը, կամ օպտիկական արվեստը (Optical art) 20-րդ դարի երկրորդ կեսի գեղարվեստական հոսանք է, որը հիմնված է օպտիկական պատրանքների վրա: Այն համարվում է աբստրակցիոնիզմի ենթատեսակը: Հոսանքի ամենահայտնի ներկայացուցիչներն են Բրիջիթ Ռայլին, Մաուրից Կոռնելիս Էշերն ու Վիկտոր Վազարելին:











