Բոբ Դիլանը համաձայնել է ընդունել Նոբելյան մրցանակը

17:05 • 29.03.17

Ամերիկացի պոետ-երգահան Բոբ Դիլանը, որն անցած տարի արժանացել է գրականության Նոբելյան մրցանակին, համաձայնել է անձամբ ստանալ մրցանակը Ստոկհոլմում, որտեղ նա համերգներով է լինելու ապրիլի 1-2-ը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Ինչպես հայտնում է մրցանակը հանձնող Շվեդական ակադեմիան, ըստ կանոնակարգի՝ նախատեսվող դասախոսությունը երգիչը, միևնույն է, անձամբ չի իրականացնի, սակայն նա խոստացել է իր խոսքի տեսաձայնագրությունն ուղարկել:


Դեկտեմբերին Դիլանն արդեն մրցանակաբաշխությանն է ուղարկել մեկ տեսաուղերձ, որտեղ հայտարարել է, որ մրցանակը մեծ պատիվ է իր համար:


Բոբ Դիլանը դարձել է գրականության Նոբելյան մրցանակի առաջին դափնեկիրը, ում մրցանակը շնորհվել է երգերի տեքստերի համար:


Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկացի երաժիշտ և հեղինակ-կատարող Բոբ Դիլանը չի ստանա 8 միլիոն շվեդական կրոնը (մոտ 870 հազար դոլար), եթե մինչև հունիսի 10-ը ելույթ չունենա նոբելյան դասախոսությամբ: Կանոնների համաձայն` մրցանակակիրը պետք է դասախոսություն անցկացնի մրցանակաբաշխության պահից ի վեր վեց ամսվա ընթացքում: Ընդ որում՝ պարտադիր չէ դասախոսությունն անցկացնել Շվեդիայում:

Բոբ Դիլանը համաձայնել է ընդունել Նոբելյան մրցանակը