Քրիստոֆեր Նոլանն ու Սոֆիա Կոպոլան կոչ են արել ֆիլմեր դիտել կինոթատրոններում

19:10 • 30.03.17

Մարտի 28-ին ԱՄՆ-ի Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում անցկացվել է CinemaCon կոչվող կինոերեկույթը, որին մասնակցել են մի շարք հոլիվուդյան դերասաններ` Միլա Կունիսը, Շարլիզ Տերոնը, Վին Դիզելը, Քոլին Ֆարելը, Կիրստեն Դանստը, դերասան և ռեփեր Ludacris-ը, ռեժիսորներ Քրիստոֆեր Նոլանը, Սոֆիա Կոպոլան և այլք:

Միջոցառման ժամանակ Քրիստոֆեր Նոլանն ու Սոֆիա Կոպոլան կոչ են արել ֆիլմերը դիտել կինոթատրոններում, այլ ոչ թե համացանցային ծառայություններում: Այս մասին հայտնում է The Guardian-ը:

«Դյունկերկ» Էպիկական Էքշըն-թրիլերը ներկայացրած Նոլանի խոսքով` ֆիլմը պետք է հանդիսատեսին ստիպի իրեն զգալ իրադարձությունների վայրում, ինչը հնարավոր է միայն կինոթատրոններում:

Կոպոլան, ներկայացնելով իր «Ճակատագրական գայթակղություն» ֆիլմը, հույս է հայտնել, որ հանդիսատեսը ֆիլմը կդիտի կինոթատրոններում, որոնց համար այն նախատեսված է:

Նշվում է, որ հուլիսին թողարկվելիք «Դյունկերկ» ֆիլմում նկարահանվել են Թոմ Հարդին, Քիլիան Մերֆին, Մարկ Ռայլենսը և Քենեթ Բրանան: «Ճակատագրական գայթակղություն»-ը կթողարկվի հունիսին. ֆիլմում նկարահանվել են Նիկոլ Քիդմանը, Քոլին Ֆարելը, Քիրստեն Դանստն ու Էլ Ֆանինգը:

Քրիստոֆեր Նոլանն ու Սոֆիա Կոպոլան կոչ են արել ֆիլմեր դիտել կինոթատրոններում