Բոբ Դիլանին Ստոկհոլմում հանձնել են Նոբելյան մրցանակը
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում գրականության 2016 թվականի Նոբելյան մրցանակակիր Բոբ Դիլանին շաբաթ հանձնվել է մրցանակն ու վկայականը: ТАСС գործակալության փոխանցմամբ` այս լուրը հաստատել է Շվեդական ակադեմիայի անդամը:
Երաժշտի ցանկությամբ` մրցանակի հանձնման արարողությունը տեղի է ունեցել փակ միջոցառման ժամանակ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ այնտեղ ներկա չեն եղել: Արարողությանը ներկա են գտնվել միայն Բոբ Դիլանն ու ակադեմիայի անդամները:
Երգիչը, հավանաբար, փոխանցել է տեսագրված Նոբելյան դասախոսությունը: Մրցանակաբաշխությունից հետո 6 ամսում նոբելյան դասախոսությամբ հանդես գալը պարտադիր պայման է, որպեսզի դափնեկիրն ստանա մրցանակի դրամական մասը` 8 մլն կրոնի (909 000 դոլար) չափով:
Հայտնի է, որ ապրիլի 1-ին և 2-ին Դիլանը համերգով պետք է հանդես գա Ստոկհոլմում:










