Եվգենի Եվտուշենկոյի այրին հայտնել է՝ որտեղ կհուղարկավորվի պոետը
Պոետ Եվգենի Եվտուշենկոյի հուղարկավորության արարողությունը կանցկացվի Մոսկվայում, սակայն հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է պոետի կինը` Մարիա Նովիկովան:
«Այո, նա ցանկացել է թաղվել Պերեդելկինոյի գերեզմանոցում: Հստակ ամսաթիվը դեռևս չի որոշվել. ես չգիտեմ` ինչքան ժամանակ կպահանջվի բոլոր ձևականությունները լուծելու համար», - ասել է պոետի կինը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, մարտի 31-ին ԱՄՆ-ում ծանր վիճակում հոսպիտալացվել է Եվգենի Եվտուշենկոն, իսկ ապրիլի մեկին նա մահացել է:
Պոետի ընտանիքի ընկեր Միխայիլ Մորգուլիսը հայտնել է, որ Եվգենի Եվտուշենկոյի մահվան պատճառը քաղցկեղն է եղել: Առաջին անգամ նման ախտորոշում բանաստեղծին արվել է մոտ 6 տարի առաջ: Այն ժամանակ նրան վիրահատել և հեռացրել են երիկամի մի մասը, սակայն վերջերս հիվանդությունը կրկնվել է: Բժիշկներն ախտորոշել են քաղցկեղի վերջին` չորրորդ փուլը:










