Ով էլ ընտրվի ազգիս կողմից՝ ես ընդունում եմ այդ ընտրությունը. Ազնավուրը խորհրդարանական ընտրությունների մասին (տեսանյութ)
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն ապրիլի 5-ին Մոսկվայում կայանալիք մենահամերգին ընդառաջ մամուլի ասուլիս է տվել, որի ժամանակ պատասխանել է ապրիլի 2-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ լրագրողներից մեկի հարցին:
«Ով էլ ընտրվի ազգիս կողմից՝ ես ընդունում եմ այդ ընտրությունը: Չեմ ուզում խորանալ քաղաքականության մեջ: Եթե այդ մարդն ընտրվել է ազգիս կողմից, ուրեմն նա իմ նախագահն է: Անկեղծ ասած՝ չեմ սիրում այն մարդկանց, որոնք գնում են այլ պետություններ ու քննադատում հայրենի երկրի քաղաքականությունը, այնպես որ ինձ համար ամեն ինչ շատ լավ է»,-ասել է Ազնավուրը:
Լրագրողների հետ հանդիպման ընթացքում շանսոնյեն խոսել է նաև հայկական ծագման ու իր անձի ձևավորման վրա հայկական մշակույթի ունեցած ազդեցության մասին:
Նշենք, որ ըստ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների՝ ՀՀ ԱԺ կանցնի 4 քաղաքական ուժ. ՀՀԿ՝ 49,12%, «Ծառուկյան» դաշինք՝ 27,32%, «Ելք»՝ 7,77%, ՀՅԴ՝ 6,57%։










